2007 թվականին՝ հենց այս օրը, Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում հրապարակայնորեն գնդակահարվեցին ազգությամբ 24 եզդիներ: Բայց սա ցավոք Իրաքում եզդիների հանդեպ իրականացրած ոչ առաջին և ոչ էլ առավել ևս վերջին հանցագործությունն էր: Սակայն վերը նշված հրապարակային գնդակահարությամբ ցույց տրվեց, որ կարելի է բացահայտ հանցագործություն կատարել և մնալ անպատիժ: Սպանված եզդիներից ամենաերիտասարդը տասը տարեկան մի տղա էր, սպանվածների թվում էին նաև տաս հոգուց բաղկացած մեկ ընտանիք:
Այս և մնացած այլ հանցագործությունները եզդիների նկատմամբ կատարվել են ազգային-կրոնական հողի վրա: Իրաքի սահմանադրությամբ և օրենքներով չեն պաշտպանվում ազգային փոքրամասնությունների, և, մասնավորապես, եզդիների իրավունքները:
Այսօր իրաքաբնակ եզդիները կանգնած են մեծ վտանգի աջև: Արդեն իսկ հարյուր հազարավոր եզդիներ լքել են իրենց պատմական բնօրրանը:
Քաղաքակիրթ աշխարհը չի կարող անտարբեր լինել Իրաքում ծավալվող իրադարձություններին: Այնտեղ պետք է ապահովված լինեն բոլոր ազգերի իրավունքները, հետևաբար չպետք է վտանգված լինի որևէ ազգային փոքրամասնության գոյություն: Ի վերջո ռազմական միջամտությունը Իրաքում ի սկզբանե հենց այդ նպատակն էր հետապնդում:
Կարդացեք նաև
Մենք դատապարտում ենք Իրաքում եզդիների նկատմամբ կատարվող հանցագործությունները և հրավիրում քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը աշխարհի հնագույն ազգերից մեկի` եզդիների առջև ծառացած խնդիրների վրա:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն