Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ խոսնակ. «Ում հետ ունեցել եք զրույց, գնացեք՝ վերցրեք կաշառք»

Ապրիլ 23,2013 11:10

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններից առաջ կոպտորեն խախտում են ընտրական օրենսգիրքը։ Վերջին ամենաթարմ փաստերը այս երկու կուսակցությունների չարաշահումների վերաբերյալ հետեւյալն էին.

1. «Մենք ահազանգ էինք ստացել, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հրահանգով մարզպետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկների ղեկավարների առջեւ պահանջ է դրվել՝ կոլեկտիվի անդամներից հավաքել մայրաքաղաքում ապրող իրենց այն ծանոթ-բարեկամների տվյալները, որոնք կպարտավորվեն Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկել ՀՀԿ-ի օգտին։ Խոսքը վերաբերում էր մասնավորապես՝ դպրոցներին։ Մեր թղթակիցը պատահական ընտրությամբ զանգահարել էր մարզի դպրոցներից մեկի տնօրենին, ով խոստովանել էր, որ նման ցուցակներ ուղարկել են մարզպետարան («ՀԺ». 20.04.2013)»։

2. «Մեր թղթակիցը, որպես շարքային ընտրող, այցելել էր ԲՀԿ շտաբներից մեկը, որտեղ շտաբի ներկայացուցչից փորձել էր ճշտել, թե որքան ընտրակաշառք կարող է ակնկալել՝ իր ընտանիքի անդամների տվյալները տրամադրելու դիմաց։ ԲՀԿ-ականը խոստացել էր տվյալները ստանալու դեպքում՝ «սաղ հարցերը լուծել», ինչպես նաեւ հայտարարել էր, որ գումարի չափը դեռ հայտնի չէ, շուտ է դրա համար («ՀԺ» 06.04.2013)»:

Մինչ այս փաստերի հրապարակումը 2 կուսակցություններն էլ պնդում էին, թե նման բաներ չկան, հնչած հայտարարությունները սեւ PR են իրենց մրցակիցների կողմից։

Այն, թե ինչ են անում եւ ինչ են ասում այս երկու կուսակցություններն էլ ամեն ընտրության ժամանակ, թերեւս բոլորին է հայտնի։ Իսկ այն, ինչ նրանց ներկայացուցիչները երեկ հայտարարեցին վերոնշյալ փաստերի վերաբերյալ, իսկապես ցնցող է։

ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, թե մեր թղթակցի հարցազրույցը իրենց շտաբի ներկայացուցչի հետ պրովոկացիա է։

Պարոն Ուրիխանյան, մինչ այժմ ԲՀԿն ասում էր, որ իր դեմ սեւ PR է իրականացվում, այժմ կա կոնկրետ փաստ, հիմա ի՞նչ կասեք։

– Պաշտոնապես հայտարարում եմ ԲՀԿ-ի դիրքորոշումը, ով խախտում է կարգը կամ օրենքը՝ անկախ իր կուսակցական պատկանելությունից, դա վերաբերում է նաեւ ընտրակաշաոք տալուն եւ դրա հետ կապված բոլոր խախտումներին ու հանցագործություններին, առաջարկում եմ այդ թեման փակել եւ դիմել ոստիկանություն կամ կուսակցության գրասենյակ՝ փաստի առկայության դեպքում, ոչ թե ինչ-որ զրույցներից, որոնք իրականացվել են ձեր լրագրողների կողմից կատարված պրովոկացիաների արդյունքում։

Դուք ասում եք՝ մենք պրովոկացիա ենք արե՞լ։

– Ես չեմ ասում, դուք արել եք։ Ում հետ ունեցել եք զրույց, գնացեք՝ վերցրեք կաշառք եւ այդ ժամանակ կդատվեք եւ վերցնողը եւ տվողը, կկրեք պատասխանատվություն։

Կներեք, կարող է շատ կոպիտ է հնչում, բայց ստացվում է հայտնի պատմությունը, երբ գողին բռնում են, ասում է՝ ես չեմ։

– Դուք չեք հասկանում, ես ինչ եմ ասում, ես ասում եմ՝ ով նման բան է անում, նա պիտի կրի պատասխանատվություն, ՀՀԿ-ից է, ԲՀԿ-ից է, որտեղից ուզում է լինի։ Բայց այն, ինչ տեղի է ունեցել, դա պրովոկացիա է:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930