Հատված փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մովսես Դեմիրճյանի հարցազրույցից:
– Նախընտրական ծրագրում կարո՞ղ են լինել ցանկություններ, ծրագրային կետեր, որոնք չեն բացվում եւ հասկանալի չեն։
– Ինչքան կոնկրետ է գրվում, այնքան կարդացողի մոտ պատկերացում է
ստեղծվում, որ գրողը գիտի, թե ինչ է գրել։ Օրինակ, Հրանտ Բագրատյանը
կոնկրետ Երեւանի զարգացման տնտեսական ծրագիր է ներկայացրել։ Նա
Երեւանը պատկերացնում է առաջին հերթին որպես խոշոր տնտեսական միավոր, որն իր հետեւից տանում է Հայաստանը, եւ Երեւանի զարգացումը պետք է դիտարկվի տնտեսական հարթության մեջ։ Անկախ նրանից՝ դա իրականանալի է, թե չէ, հստակ է, որ այդ մարդը պատկերացնում է, թե, առաջարկելով քաղաքական ուժերին այս ծրագիրը, ինքն ինչ է ուզում։ Երբ ՀՀԿ-ն գրում է՝ շենքերի արտաքին տեսք, լուսավորություն, ասֆալտապատում, դա էլ է շատ հստակ։
– «Ասֆալտապատում» բառը լսելով, ես հիշում եմ, որ ամեն տարի վատ ասֆալտ են անում, որ հաջորդ տարի նորից սարքեն։
– Այդ խնդիրը հնարավոր կլիներ լուծել հետեւյալ տարբերակով՝ եթե Երեւանի զարգացման ծրագիրը որեւէ կուսակցություն պատվիրեր գրել մասնագետներին։ Բայց նման մասնագետներ կամ չկան, կամ չեն գտել իրենց։ Երկրորդը՝ չեն պատասխանում, թե ինչպես պետք է լուծվեն խնդիրները, ռեսուրսներն ինչպես են պատկերացնում։ Եթե պետք է բարձրացնեն երեւանցիների հարկերը, պետք չէ, ավելի լավ է չանեն։ Եթե պիտի գյուղական համայնքներ գնացող միջոցները կրճատեք, պետք չէ։ Եթե պիտի դպրոցները փակեն, չջեռուցեն, պետք չէ։ Եթե պիտի գրքեր չտպեն դպրոցների համար, փողոց վերանորոգեն, պետք չէ, այսինքն, ընտրողը պետք է իմանա, թե դուք ինչպես եք այդ խնդիրը լուծում, որովհետեւ դրանք իր գրպանին, իր առօրյային առնչվող հարցեր են։ Դա չկա քարոզարշավում ներկայացրած ծրագրերում, եւ հերթական անգամ ընտրողը մնում է անորոշ
վիճակում։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
«Հրապարակ»