Այսօր Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում կայանալու է ԱՊՀ երկրների զինված ուժերի սպարտակիադայի ծրագրով ազատ ըմբշամարտի առաջնությունը:
Սպարտակիադայի ծրագրում ընդգրկված առանձին մարզաձեւերի առաջնություններն ավանդույթի համաձայն անցկացնում են ԱՊՀ տարբեր երկրներում: Ըստ այդմ, ազատ ըմբշամարտի առաջնության անցկացումն այս տարի վստահվել է Հայաստանին: Երեւանյան մրցագորգում ընդհանուր առմամբ պայքարելու են վեց երկրների մոտ 35-40 մարզիկներ:
Մեր հանրապետության զինծառայող ըմբիշները հարազատ հարկի տակ աշխատելու են պահպանել անցած տարի Ղազախստանում նվաճած թիմային չեմպիոնի կոչումը: Մրցագորգ են մտնելու Գարիկ Բարսեղյանը՝ 55 կգ, Նարեկ Սանոյանը՝ 60, Սերյոժա Հովսեփյանը՝ 66, Վալտեր Մարգարյանը՝ 74, Շամիր Աթյանը՝ 84, Էդգար Ենոքյանը՝ 96 եւ Անդրանիկ Գալստյանը՝ 120:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ