Այսօր Գյումրու « Հոկտեմբեր» կինոդահլիճում ելույթ ունեցավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Կարինը, ով անակնկալի բերեց գյումրեցիներին՝ հայտարարելով, որ ինքը պատրաստ է ապրել Գյումրիում:
Նա իր մտադրությունը բացատրեց այսպես. «Գյումրին ինձ համար միշտ եղել է հարազատ ու հրաշալի, կախարդական մի քաղաք, որը թագավորություն է իրականում, քան թե քաղաք: Պատմական Ալեքսանդրապոլ, որը 1915 թվի ջարդից հետո իմ՝ ընտանիքը կորցրած Գասպար պապին ապաքինեց և վերադարձրեց Արևմտյան Հայաստան, վերադարձրեց Անդրանիկի բանակ: Դժբախտ Լենինականը, որը 1988 թվականի դեկտեմբերին ճաքեց, որովհետև հայ մարդու սիրտն էր ճաքում դեկտեմբերին, և որտեղ վերադարձավ իմ հայրը և մեր ընտանիքը: Եվ ի վերջո, հաղթական Գյումրին, որը փետրվարի 18-ին` 2013 թվականի, ապացուցեց Հայաստանին, որ մենք դեռ կանք, որ մենք չենք վաճառվում, որ մենք չենք կոտրվում, որ մենք չենք հանձնվում: Չգիտեմ, եթե դուք լսում եք մեր քարերից, ձեր քարերը դեռ երգում են ու ձեր քարերը դեռ ծիծաղում են, ու ես լսում եմ այդ երգերը, ծիծաղը, երբ քայլում եմ ձեր փողոցներով: Ու դուք էլ շուտով կլսեք, ու թող Երևանը մնա էս տղեքին, բայց Նոր Հայաստանում ես կգամ Գյումրիում կապրեմ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ