Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ գյումրեցիները «կատաստրոֆիկ» պարտության մատնեցին իշխանություններին

Ապրիլ 23,2013 00:17

Այս հարցի պատասխանն  այսօր  իր ծննդավայրում  մեկնաբանեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Գյումրի եկած Վարդան Խաչատրյանը, ով մասնագիտությամբ աստվածաբան է  և «Ժառանգության» նախկին պատգամավորներից մեկն է: «Ճիշտն ասեմ` չէի  սպասում, որ Գյումրիում կլինի  այսպիսի կատաստրոֆիկ  պարտություն  իշխանությունների համար, չէի  սպասում: Եվ հետո մտածեցի, թե բայց  ինչո՞ւ եղավ այսպես, և թող զավեշտական չհնչի,  այդ մտածմունքը ինձ տանջեց ընդամենը վայրկյաններ: Վայրկյաններ հետո ես իմ կյանքից հիշեցի  երկու ֆրագմենտ, երկու հատված` դաժան, ցավոտ, Լենինականի երկրաշարժ` 1988 թիվ: Իմ մայրը,  որպես հին գյումրեցիների ընտանիքի  զավակ, առավոտյան ժամը 6-ին հանեց ինձ քնից և ուղարկեց էն ժամանակվա կոմերիտմիության կենտկոմ` պահանջով , որ կգնաս մի տղա երեխա` որբ մնացած,  կբերես, որ մենք տանը պահենք, որովհետև դա մեր պարտքն է, մեր փոքր հայրենիքի, Լենինականի առաջ: Ես գնացի, անձամբ ներկայացա, քանի որ էն ժամանակ կենտկոմի  առաջին քարտուղար Հրանուշ Հակոբյանը լավ գիտեր ինձ, անհապաղ հրահանգեց վերև թողնել ինձ, երբ որ ես վերև բարձրացա,  պարզ ներկայացրեցի,  առանց որևէ բան  թաքցնելու, ասի, որ մայրս  ուղարկել է, ես եկել եմ   մի տղա երեխա վերցնելու-տանելու` որպես ինձ եղբայր: Բայց Հրանուշը պատասխանեց` Վարդան ջան, դու  որ եկար, բա  չտեսա՞ր, որ 300-400 մարդ կանգնած էին ներքևում: Ես ասի` տեսա, հետո ի՞նչ, ասեց` էդ բոլորը եկել էին երեխա տանելու, չկա երեխա, ոչ միայն  բոլորին հասել էին իրենց բարեկամները,  այլեւ Ռուսաստան գնացած երեխաների հետևից գնացել, հետ են բերում, չկա երեխա: Ինչ-որ տեղ հիացա, որ այսպիսին էր իրավիճակը, ետ  եկա տուն , մորս բացատրեցի:

Նոր անկախ Հայաստանի օրոք,տարիներ առաջ ես եղա Գյումրիում և նայում էի մի  հեռուստատեսային  մի ծրագիր, որտեղ զարմանալի մի բան էր հնչում, որ Գյումրիում բացվել է  գերմանական որբանոց,  որբանոցում տալիս են ծնող երեխային, պայմաններն այնքան լավ են, որ գյումրեցի ծնողներն անգամ, որոնք կենդանի  են,   իրենց երեխաներին  ձևակերպում են որպես որբ հանձնելու համար գերմանացիների հովանավորության տակ գտնվող այդ որբանոցը: Անձամբ իմ համար արժանապատվության այնպիսի անկում էր , որը պարզ էր դարձնում մի բան.  այս ամենի հետևում կանգնած իշխանություններին գյումրեցին ձայն չի տա», -ասաց բանախոսը: «Գյումրու Հոկտեմբեր»  կինոթատրոնի  դահլիճը թնդաց ծափահարություններից: 

Բանախոսը ասաց, որ ներկա  իրավիճակը հայ ժողովրդի համար ամենավտանգավորն է,    այնքան ժողովուրդ է  արտագաղթել,  որ կարող է   ի վիճակի չլինի ի պետականության ֆունկցիաներն  իրականացնել: «Իհարկե,  մենք չենք համարում թշնամի մեր իշխանություններին, բայց համարում ենք, որ նրանք զուրկ են մտածողությունից: Չի կարելի ժողովրդին իջեցնել այնքան, որ իշխանության և ժողովրդի միջև գոյանա ատելության վիհ: Բոլոր  իշխանությունները գնացող են , թե իշխանության և թե երկրի տերը մնալու է ժողովուրդը», -ասաց Վարդան Խաչատրյանը:

Սակայն, ըստ Վարդան Խաչատրյանի,  Րաֆֆի Հովհաննիսյանի և ժողովրդի  միջև չկա տարբերություն և միասին անհապաղ պետք է իրականացնել հայրենքի փրկությունը` հանուն ժողովրդի  և հանուն  այն երեխաների, որոնք ծնվել են ու չպետք է գնան որբանոց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930