Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինո գոլդի» տնօրենն անդրադարձավ բնապահպանների եւ ընկերության միջեւ ծավալված իրադարձություններին

Ապրիլ 23,2013 00:02

 Այսօր «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ  նորանշանակ գլխավոր տնօրենը հանդիպեց լրագրողների եւ հ/կ ներկայացուցիչների հետ, ներկայացրեց ընկերության ներկայիս իրավիճակը, խոսեց իրականացվելիք փոփոխությունների մասին եւ պատասխանեց հարցերին: Ընկերության տնօրեն Հրաչ Ջաբրայանը նշեց, որ ընկերությունը տարվա առաջին եռամսյակի ընթացքում կրկին վնասով է աշխատել, իսկ վերջին մեկ տարվա ու երեք ամսվա ընթացքում գրանցված վնասի չափը  ընդհանուր կազմում է 22 մլն դոլար, սակայն ընկերության աշխատակիցների վերջին 25 օրերի աշխատանքի արդյունքից գոհ է:

Այնուամենայնիվ, ընկերությունում կրճատումներ կլինեն, ինչը, ըստ տնօրենի, կրած վնասներով ու շահույթ չստանալով է պայմանավորված: «Դժբախտաբար այս պահին աշխատանքից  ստիպված պետք է ազատենք 34 աշխատող հետախուզության բաժնից եւ 30 աշխատող լաբորատորիայից: Բայց մենք 34 նոր հաստիք ստեղծեցինք հիմնարկի տարբեր բաժիններում եւ դրսից մարդ ընդունելու փոխարեն առաջնահերթությունը կտրվի այդ աշխատողներին: Մենք հետախուզության  աշխատանքները թեթեւացնում եւ ընդհանրապես կասեցնում ենք 3 լուրջ պատճառով: Առաջինն այն է, որ  դժբախտաբար մեր հայաստանյան բյուրոկրատական իրավիճակը խանգարում է մեր աշխատանքներին. բնապահպանության եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունների միջեւ չգիտեմ ինչ հարց կա, բայց արդեն ամիսներ շարունակ լիցենզիայի հարցը չի լուծվել, անկեղծ ասած՝ ես էլ չեմ հասկանում ինչո՞ւմն է հարցը»,- ասաց պարոն Ջաբրայանը եւ հավելեց, որ ամսական 800 հազար դոլար է ծախսվում հետախուզական աշխատանքների կազմակերպման վրա եւ վնասով աշխատող ընկերության համար դա լուրջ գումար է, ինչն էլ երկրորդ պատճառն է հանդիսանում այդ աշխատանքների կասեցման համար:

 Իսկ երրորդ պատճառը ոսկու գների անկման հետ էր  պայմանավորված: «Այսօր լուրջ իրավիճակի մեջ  է մեր հանքը, եթե այսպես շարունակվի՝  հանքը երկար կյանք չի ունենա: 7 տարի շահույթ չենք ցուցաբերել, եթե վերջին 25 օրվա նման աշխատեն ընկերության աշխատակիցները, հիմնարկը շահույթ կունենա եւ տարին լավ փակելու դեպքում՝ աշխատողներին մեկ ամսվա աշխատավարձ հավելյալ կտանք»,-ասաց տնօրենը եւ խոսեց  ընկերության ներքին ու արտաքին աշխատելաոճի  մեջ կիրառվելիք փոփոխությունների մասին: Ընկերության լավագույն աշխատողներին տնօրինությունը կշարունակի խրախուսել գումարներով, իսկ եկող տարի  լավագույն աշխատող ճանաչված աշխատողին Հրաչ Ջաբրայանը խոստացավ իր անձնական միջոցներով բնակարան գնել եւ նվիրել, եթե հիմնարկը նույնիսկ չնչին չափով շահույթ ապահովի:

Հրաչ Ջաբրայանն անդրադարձավ վերջերս մեծ հնչեղություն ստացած ընկերության եւ բնապահպան ակտիվիստների միջեւ  ծավալված իրադարձություններին: «Դինո գոլդը դարձրել են իրենց թիրախը, անկեղծ ասած ես էլ չեմ հասկանում, թե իրենք ինչ ակտիվիստ են. մեկ բնապահպանությունից են խոսում, մեկ քաղաքականությունից, մեկ հայրենասիրությունից: Փորձեցի Եղիայի հետ մեկ անգամ խոսել, բայց չընդառաջեց, կարող է ծայրահեղ մտածելակերպ ունի, չեմ ուզում դատել: Ես 2 տարի է այստեղ եմ, ամբողջ աշխատողների հետ շփվելով  բացահայտել եմ, որ Դինո գոլդում էլեկտրաշոկ չի կիրառվել:  Ընդամենը նախկին տնօրինությունը մտադրություն է ունեցել էլեկտրաշոկ ձեռքբերել, որպեսզի պահակային ծառայությունը օգտագործի գիշերային ներխուժողների, հարբածների կամ գողերի վրա: Իմ կարծիքով դա սխալ է, մարդ արարածի վրա էլեկտրաշոկ կիրառելը ծայրահեղություն է», – նշեց նա:

Պարոն Ջաբրայանը հավաստիացրեց, որ ստուգվել են բոլոր փաստաթղթերը, նախկինում էլեկտրաշոկ չի գնվել ընկերությունում եւ խնդրել էր երիտասարդ բնապահպանին՝ հերքի իր արած հայտարարությունը, սակայն վերջինս մերժել էր՝ պնդելով, որ ինքը փաստ ունի, ուստի ընկերությունը դիմել է դատարան:  «Նա որեւէ փաստ չունի, ես դրանում որեւէ կասկած չունեմ: Ես հայտարարել եմ, որ եթե նման բան  է եղել, ես պատրաստակամ եմ հայցը ետ վերցնել, ներողություն խնդրել Եղիա Ներսիսյանից եւ այդ աշխատողներից, եթե նրանց վրա էլեկտրաշոկ է կիրառվել, բայց նման բան չի եղել:  Դինո գոլդը բնապահպանությանը դեմ չէ, եթե բնապահպանները  ճիշտ աշխատեն՝ լավ գործ կանեն, բայց ծայրահեղությունը սխալ բան է, ամեն ինչ պետք է չափանիշով եւ փաստերով լինի: Ես կուզենամ բնապահպանները եւ բնապահպանական ակտիվիստներն իրենց լավ գործը շարունակեն, ես էլ չեմ ուզենա, որ Հայաստանի հողը պղծվի, մեր գետերը կեղտոտեն, որեւէ մի հանքարդյունաբերական հիմնարկ Հայաստանի մեջ սխալ ձեւով աշխատի», – տեղեկացրեց Հ. Ջաբրայանը եւ հավելեց, որ նման հիմնարկներ Հայաստանում կան, բայց Դինո գոլդը այնպիսի հիմնարկներից է, որը ջանք է թափում աշխատել օրենքով սահմանված չափանիշներով :

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930