Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահական ընտրությունների հարցը քննարկվեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում

Ապրիլ 22,2013 23:15

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվեց Հայաստանում փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը:

Նորվեգիայի պատվիրակության ղեկավար, Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անդամ Կարին Ուոլդսեթի հեղինակած զեկույցը Վեհաժողովին ներկայացրեց ՀՀ ընտրություններին հետեւած ավստրիացի պատվիրակ Շտեֆան Շնենախը և նշեց. «Ես հետեւել եմ ընտրություններին նաեւ 2012-ին, եւ այն ժամանակ արձանագրեցի, որ Հայաստանը դեռեւս հեռու է ազատ եւ արդար ընտրությունների անցկացումից: Այս անգամ, սակայն, ընտրությունները առաջընթաց արձանագրեցին, կարելի ասել՝ թռիչքային առաջընթաց: Իհարկե, կային նաեւ խախտումներ, սակայն, դրանք եզակի բնույթ են կրել, այդ իսկ պատճառով, կարծում եմ` կարելի է խոսել ազատ ու ժողովրդավարական ընտրությունների մասին»:

Ֆրանսիացի պատվիրակ Ռընե Ռուքեն էլ փետրվարի 18-ին կայացածը համարեց «Հայաստանի պատմության մեջ ամենալավ ընտրությունները»:

ՀՀ ընտրությունների վերաբերյալ բազմաթիվ դրական ելույթների շարքում հնչեց շվեդ պատվիրակ Մարիետա դե Լունդինի քննադատական ելույթը: Նա պնդեց. «Իմ տեսածը առաջընթացից հեռու է եղել, սակայն իմ դիտարկումները վերջնական զեկույցում այդպես էլ տեղ չեն գտել: Քվեարկության օրը ընտրողների ինքնությունը հաստատող փաստաթղթերի որեւէ ստուգում չէր իրականացվում, ուղղակի նայում էին լուսանկարներին, կնիքն էլ, որը դրվում էր կրկնակի քվեարկությունը բացառելու համար, հնարավոր էր շատ հեշտությամբ հեռացնել: Ես ինքս տեսա, թե ինչպես հանձնաժողովներից մեկի անդամը վերցրեց ընտրողների՝ երկու էջանոց ցուցակն ու դուրս եկավ անհայտ ուղղությամբ: Ես այլեւս նրան չտեսա»: (թարգմանությունը՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի):

Նշենք նաև, որ Ստրասբուրգ է մեկնել նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա  հերթագրվել էր ելույթ ունենալու համար եւ քարտուղարությանն էր ներկայացրել իր ելույթի գրավոր տեքստը: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ըստ ilur.am-ի. «Ցավոք, պարտավոր եմ այս լսարանին տեղեկացնել, որ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները Հայաստանի ժողովրդի՝ սեփական կառավարությունն ընտրելու իրավունքի դեմ ուղղված եւս մեկ ամոթալի հարված էին: Եւս մեկ անգամ իշխող կուսակցությունը եւ պետական մեքենան կաշառեցին ու ահաբեկեցին հարյուր հազարավոր ընտրողների: Եվս մեկ անգամ հազարավոր ընտրողներ ապօրինաբար մասնակցեցին ընտրություններին՝ օգտագործելով ոստիկանության տրամադրած կեղծ անձնագրերը եւ քվեարկելով մարդկանց փոխարեն, որոք վաղուց չեն բնակվում Հայաստանում, բայց գրանցված են ընտրացուցակներում: Եւս մեկ անգամ տասնյակ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ ի նշան բողոքի ընդդեմ կեղծված ընտրությունների:  Եվ այն ժամանակ, երբ Հայաստանում ոչ ոք չի հավատում, որ ունի օրինականորեն ընտրված, հերթական անգամ միջազգային ժողովրդավարական հաստատությունները՝ այնպիսիք, ինչպես Եվրոպայի Խորհուրդը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը աչք են փակում սեփական կառավարություն ընտրելու իրավունքը սիստեմատիկորեն մերժելու վրա: Հայաստանը Եվրոպայի Խորհրդի այն քիչ երկրներից է, որտեղ անկախության ձեռք բերումից ի վեր ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն տեղի չի ունեցել: Իշխող վարչակարգը ընտրակեղծիքների անխափան մեքենա է ստեղծել: Ընտրական ցուցակները ուռճացված են. Հայաստանում բնակվող ընտրողների թիվը չի գերազանցում 1,8 միլիոնը, այնինչ, ընտրացուցակներում ընդգրկված է առավել քան 2,6 միլիոն ընտրող, իսկ ընտրություններին պաշտոնական մասնակցությունը հասնում է անհավանական 1 միլիոն 6 հարյուր հազարի: 500 հազար կեղծված ձայները բավարար են, որպեսզի իշխող կուսակցությունը ցանկացած ընտրությունից հետո հաղթող հռչակի իրեն:   Այժմ մենք գտնվում ենք մեկ այլ ընտրարշավի մեջ՝ մայրաքաղաք Երեւանի համար մղվող կարեւոր ընտրապայքարի փուլում: Երեւանում է բնակվում հայաստանյան ընտրազանգվածի գրեթե կեսը: Ոստիկանությունը կրկին զբաղված է Հայ ազգային կոնգրեսի հավաքներն արգելելու եւ փաստաթղթերի կեղծման գործով, որպեսզի մայրաքաղաքից դուրս բնակվող քաղաքացիները հնարավորություն ունենան քվեարկելու Երեւանում: Հերթական անգամ ընդդիմության ակտիվիստներին ահաբեկում են եւ հերթական անգամ պետական իշխանության մարմինները ճնշում են գործադրում ընտրողների վրա՝ ստիպելով քվեարկել իշխող ռեժիմի օգտին: Այսուհանդերձ, միջազգային ժողովրդավարական հաստատությունները լռում են:

Տարիներ շարունակ դեմոկրատական շարժումը պայքարում է Հայաստանում ժողովրդավարության վերականգնման համար: Հաջողության համար մենք կարիք ունենք համերաշխության, այլ ոչ թե՝ պարբերաբար գողացված ընտրություններն օրինականացնող կնիք: Սա հենց այն է, ինչ երկար տարիներ ի վեր մերժում են մեզ»:

Զեկույցի քննարկման մանրամասները կներկայացնենք վաղը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930