ՀՀ ոստիկանապետի տունը հսկող ոստիկանը խոչընդոտեց լրագրողի աշխատանքը:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր երեկոյան կրկին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան դիմաց բողոքի ակցիա անցկացրեց:
«Ոստիկանությունը բազմաթիվ մարդկանց խոշտանգում է. արդյոք այդ մարդկանց ընտանիքներին անհանգստություն չի՞ պատճառում: Այսօր Տիգրան Առաքելյանը, որը շինծու մեղադրանքով եւ ստախոս ոստիկանների ցուցմունքերով գտնվում է բանտում, նրա 52-ամյա հայրը ինֆարկտից մահացավ: Ունենք ինչ-որ ազնվական դաս, որոնք անձեռնմխելի են, իսկ շարքայինները այսպես ասած ճորտե՞ր են… ես պետք է թաղամասում ակցիա չանե՞մ, հանկարծ թե, Աստված մի արասցե, հանկարծ ոստիկանապետի կինն ու երեխաները չիմանա՞ն ինչպիսի անձնավորություն է Վլադիմիր Գասպարյանը: Չեմ ցանկանում նրա ընտանիքին անհանգստացնել, բայց նրա հարեւանները պետք է իմանան՝ ով է իրենց հարեւանը: Արդյոք գիտե՞ն՝ Վլադիմիր Գասպարյանը Երեւանի ոստիկանապետ է նշանակել մեկին, ով խոշտանգել է Գրիշա Վիրաբյանին: Դա ի՞նչ է նշանակում, եթե ոչ համաեվրոպական արժեքների ծաղր: Փոխանակ խոշտանգողը հեռացվի համակարգից մի հատ էլ պաշտոնի բարձրացո՞ւմ է ստանում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Գասպարին՝ ներկայացնելով իր պահանջներն ու ոչ թե ոստիկանության, այլ ոստիկանապետի տան դիմաց ակցիա անցկացնելու պատճառը:
Վ. Գասպարիի խաղաղ ակցիային միջամտեցին ոստիկանները: Ոստիկաններից մեկը՝ ինչպես ինքը ներկայացավ՝ Տիգրան Կարապետյանը, տեսնելով Aravot.am-ի տեսախցիկը, պնդեց՝ «Դուք մեզ նկարահանելու համար պետք է թույլտվություն ունենաք: Բարի եղեք, ասեք` ես նկարում եմ, որ ես մի կողմ քաշվեմ, ինձ մի նկարեք»:
Կարդացեք նաև
Նա հետո կորցրեց իրեն եւ սկսեց գոռգոռալ եւ խոչընդոտեց Aravot.am -ի աշխատանքը: Ավելի ուշ վեց կարմիր բերետավորներ միացան ոստիկանապետի տունը հսկող ոստիկաններին:
Վ. Գասպարիի ակցիան ավարտվեց առանց քաշքշուկի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ