Վաղը’ ապրիլի 23-ին, Հոլանդիայի «Հայ Դատ» -ի հանձնախումբը Հ.Յ.Դ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության հետ համատեղ Մեծ Եղեռնի 98-ամյակի կապակցությամբ կանցկացնի ցույց, ապա քայլարշավ դեպի Դեն Հագի թուրքական դեսպանատուն: Այդ նույն օրը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) «Երևան» հաստատության համագործակցությամբ Ալմելո քաղաքում կկազմակերպի կլոր սեղան «թուրք-քրդական մերձեցումը և Հայոց Ցեղասպանությունը» թեմայով: Բանախոսներն են լինելու քուրդ լրագրող և գրող, «Հայ Ազգային Շարժումը և 1915-ի ցեղասպանությունը» (թուրքերեն) գրքի հեղինակ պարոն Ռեջեփ Մարաշլին և «Հայ-թուրքական հարաբերություններն Օսմանյան կայսրությունում» (հոլանդերեն) գրքի հեղինակ պարոն Նուբար Սիփանը:
Ապրիլի 24-ին Հոլանդահայ Ֆեդերացիայի «Ապրիլ 24 Կոմիտեն» Ասենի քաղաքի «Արմենիա» հաստատության հետ համատեղ ժամը 13-ին կազմակերպելու է այցելություն Մեծ Եղեռնի հուշարձան, որտեղ ծաղկեպսակ է դրվելու անմեղ զոհերի հիշատակին: Այս այցելությանը կհաջորդի հարակից «Դե Բոսկամպ» գերեզմանատան սրահում տեղի ունեցող ոգեկոչման արարողությունը, որտեղ ասմունքի և գեղարվեստական համարների հետ մեկտեղ կհնչեն ելույթներ Հայոց Ցեղասպանության թեմաներով:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակը արդեն իսկ հաղորդագրություն է տարածել Նիդերլանդներում Մեծ Եղեռնի 98-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումների մասին: Ապրիլի 19-ին, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախմբի նախաձեռնությամբ Հաագայի Մենոնական եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո:
Երեկոյին բացման խոսքով հանդես է եկել «Ապրիլ 24» հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը: Ելույթներ ունեցան նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի անդամներ Կես վան դեր Ստայը և Ջոել Ֆորդեվինդը, Իսրայելական տեղեկատվության կենտրոնի նախագահ Եսթեր Ֆուտը և նախկին պատգամավոր Լեն վան Դեյկեն:
Բանախոսները կարևորել են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերը, պատմական արդարության հաստատման ուղղությամբ պայքարի շարունակման կենսականությունը և ընդգծեցին թուրքական մերժողական քաղաքականության անընդունելիությունը:
Ոգեկոչման երեկոյին երաժշտական համարներով հանդես եկել Նիկոլայ Ռոմաշչուկ կրտսերը (դուդուկ), Աբովյան միության պարախումբը՝ կատարելով «Եղեռն» և «Քարավան» պարերը, իսկ հոլանդական «Արմենս օրատորիում» երգչախումբը՝ Ինես Լեյենի ղեկավարությամբ, , կատարեց Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան» ՝ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ապրիլի 21-ին Ամստերդամի Հայ առաքելական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ, Ամստերդամի «Նյուվե Օստեր» հուշայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Արարողության սկզբում ծաղկեպսակներ զետեղվել են Հայոց ցեղասպնության զոհերի հուշակոթողին, որից հետո Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը կատարել է հոգեհանգստի կարգ:
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը անրադարձել է հոլանդահայ համայնքի դերին’ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում՝ կարևորելով գործադրվող միասնական ջանքերը:
Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաև երկրի մյուս քաղաքներում ու բնակավայրերում’ հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ:
Ֆոտոկոլաժը’ Նիդերլանդական Օրագրի