Երեկ Փասադենայում հրապարակվել է Հիշատակի զբոսայգում տեղադրվելիք Հայոց ցեղասպանության հուշարձանի նախագիծը, որը պատրաստել է Արվեստի կենտրոնի` դիզայնի քոլեջի ուսանողուհի Քեթրին Մենարդը: Գրում է «Փասադենա սթար նյուզ» պարբերականը:
Նախագիծն իրենից ներկայացնում է հինգ մետրանոց եռոտանի, որը կանգնած է 8 մետր տրամագիծ ունեցող քարեկառույց շրջանի կենտրոնում, որը շրջապատված է նռան դեկորատիվ ծառերով:
Ցեղասպանության ժամանակ հայ առաջնորդներին կախում էին նման եռոտանիների վրա, այս եռոտանին դա է խորհրդանշում, բացատրել է Մենարդը:
Եռոտանու վերնամասից 21 վայրկյանը մեկ ջրի կաթիլ կընկնի ավազանի մեջ: Այդպիսով մեկ տարում 1,5 միլիոն կաթիլ կընկնի, որը խորհրդանշում է ամեն սպանված հայի համար թափված արցունքը:
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր նռան ծառ կկոչվի Հայաստանի 12 կորցրած նահանգների անունով:
Մենրադը պատմել է, որ շատ բան չգիտեր Հայոց ցեղասպանության մասին մինչև գործը սկսելը. «Ինչքան շատ եմ իմանում, այնքան շատ եմ ցնցվում ու սարսափում», – ասել է նա:
Այժմ Մենարդն աշխատում է անվանի ճարտարապետ Ստեփանոս Պոլիզոիդեսի հետ նախագիծը քանդակելու համար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ