Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը կխոսի իր չառաջադրվելու պատճառների մասին

Ապրիլ 22,2013 21:33

Ինչո՞ւ ԲՀԿ-ն չմասնակցեց անցած նախագահական ընտրություններին: Այսօր այս հարցը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին քաղաքացիներն ուղղեցին  Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում հանդիպման ժամանակ:  Տիկին Զոհրաբյանն ասաց, որ ինքը գիտի պատճառը, բայց բարոյական չէ, որ այդ մասին ինքը խոսի: Նա հավաստիացրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անպայման այդ մասին կխոսի ու կպարզաբանի իր որոշման դրդապատճառները: Ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը, մնում է այն կարծիքին, որ ԲՀԿ-ն պետք է մասնակցեր նախագահական ընտրություններին:

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում՝ ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում հանդիպում էին  ընտրողների հետ: «Եթե «Բարգավաճ Հայաստանին» հաջողվի այս ընտրություններում բեկում մտցնել և հաջողվի կոտրել ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը, ապա մենք լրջագույն փոփոխությունների ականատեսը կլինենք ոչ միայն Երևանում. սկսելով Երևանից՝ այդ փոփոխությունները դարձնելու ենք շարունակական»,- իր խոսքում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ մրցակիցները շատ են ցանկանում, որ այս ընտրություններում «ասֆալտից, գազոնից, նստարաններից այլ կողմ հարցեր չքննարկվեն» ու թեև դրանք շատ կարևոր են, բայց մայրաքաղաքի խնդիրների ամենափոքր ու չնչին մասն են կազմում միայն` նկատեց տիկին Զոհրաբյանը, ինչի հետ հավաքվածների մի մասը համաձայնեց: «Երևանցին պետք է ապրի արժանավայել, սակայն դուրս ես գալիս կենտրոնից և կարծես թե գտնվում ես 10-րդ կարգի երկրում` բակեր ու թաղամասեր կան, որտեղ կոյուղի անգամ չկա: Կամ տարիներով երևանցիները օրինակելի հարկեր են վճարում, բայց տարիներ շարունակ չեն կարողանում ստանալ իրենց տների սեփականաշնորհման փաստաթղթերը: Խնդիրները բազմաթիվ են, սակայն մեր շրջայցերի ժամանակ մենք մի բանում վստահաբար համոզվեցինք` չկա որևէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել, եթե կա համապատասխան քաղաքական կամք, աշխատասիրություն և եթե քո նպատակը երևանցու հարմարավետությունն ու բարեկեցությունն է»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Հավաքվածները  նաեւ իրենց դժգոհությունները փոխանցեցին: Օրինակ, մի տարեց մարդ բողոքեց, որ ավագանու նախորդ ընտրություններում քաղաքապետը (հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում էր Գագիկ Բեգլարյանն, որն ընտրվեց Երեւանի քաղաքապետ.-Ն. Գ.) խոստացել էր ընդունել նրան ու չի կատարել իր խոստումը: Ավելին նաեւ որեւէ փոխքաղաքապետի կամ վարչության պետի քաղաքացին չի կարողացել իր դժգոհությունը հասցնել: Նա ԲՀԿ-ից պահանջում է վերացնել այդ բյուրոկրատական քաշքշուկը եւ ականջալուր լինել հասարակ մարդկանց: «Ես գետինն եմ մտնում, սիրտս կտոր-կտոր է լինում, որ տեսնում եմ ամեն մեկը մի աղբանոցում ապրուստ է ման գալիս… բա դա վայե՞լ է հային, երևանցո՞ւն: Ամո~թ է, ինչ օրն ենք հասել»,- սրտնեղած բողոքեց  քաղաքացին` համաձայնելով մենաշնորհի, բյուրոկրատիայի վերացման վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի դիտարկումների հետ:
«Քաղաքապետարանը հասանելի է լինելու երևանցուն, ավելին` ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում քաղաքապետը հատուկ օրեր է ունենալու, երբ նա ընդունելու է երևանցուն, լսելու է նրան: Բացի այս, մենք ծրագրում ենք ներդնել հանրաքվեի ինստիտուտը, որպեսզի երևանցիներին վերաբերող հարցերը լուծում ստանան երևանյան հանրաքվեի միջոցով: Օրինակ, ինչո՞ւ երևանցին չպետք է իր կարծիքը հայտներ ԱԳՆ շենքի վաճառքի հարցում և շատ այլ դեպքերում.մեզ ուղղակի անտեսում են որոշումներ կայացնելիս»,- հայտարարեց Զոհրաբյանը` երևանցիներին հորդորելով չհուսահատվել և շատ չհավատալ այն խոսակցություններին ու հայտարարություններին, թե ամեն ինչ վաղուց կանխորոշված է և որևէ բան փոխել հնարավոր չէ: Վստահեցրեց, որ փոխելը հնարավոր կլինի, պետք է, յուրաքանչյուրը դրանում համոզված` մայիսի 5-ին գնա ընտրության և քվեարկի իր վաղվա, ավելի բարեկեցիկ ապագայի համար: Իսկ ԲՀԿ-ն ամեն ինչ կանի, որպեսզի երևանցու քվեն տեղ հասնի ու սկիզբ դրվի փոփոխությունների:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930