Մարզային այցելությունները վերսկսած Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում էր:
Այսօր «Լոռի» մամուլի ակումբում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ միասին պայքարելու կոչով:
Նա նշեց` այնպիսի իրավիճակ է հասունացել, որ կամ պիտի շարժվել դեպի նոր Հայաստան, կամ պիտի նահանջ թույլ տրվի.«Հիմա մեր ձեռքում է, մենք այդ կատարը պիտի անցնե՞նք միասին դեպի նոր Հայաստան, թե՞ պիտի հետ նահանջ թույլ տանք: Այդ վիճակի վրա ենք: Եվ թող ոչ մեկը չգա ինձ ասի, որ դա միայն Րաֆֆիի պարտականությունն է, ես իմ պարտականությունը զգում եմ իմ ընտանիքին, ես այդ պատասխանատվությունը կիրականացնեմ ձեր նկատմամբ, բայց նաեւ ամեն հայ մարդ, ներկաները, նրանք ովքեր ինտերնետով հետեւում են, ամեն մեկը պիտի ասի, որ սա նաեւ իմ խնդիրն է: Պետք չէ զուգահեռ առանձին-առանձին գնալ, կուսակցություն է, հին թե նոր, քաղաքացիական շարժում է, անկախ մտավորական կամ երիտասարդ, մենք պիտի լծվենք այդ միասնական աշխատանքին»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ապրլիի 9-ին ոստիկանների կողմից Արմեն Մարտիրոսյանին հարվածելու դեպքին` «Ժառանգության» առաջնորդը ասաց, որ նմանատիպ գործողություններն այլեւս անպատիժ ու անհետեւանք չեն մնալու. «Ապրիլի 9-ին ոստիկանները Արմեն Մարտիրոսյանին խփել են: Մենք համարում ենք, որ այս գործող իշխանությունը փետրվարի 18-ի ընտրությունների գողացումից հետո օրենքից դուրս է, անիրավ հրահանգներ է իջեցրել, եւ մեր ներկայացուցիչներին, անգամ իմ կնոջը, իմ ընտանիքին, մեր ընկերներին, անիրավ հրահանգների բերմամբ բռնություն է իրականացրել: Եվ սա այլեւս անպատիժ, անհետեւանք չի մնալու ՀՀ-ում: Արդարությունը մի ակնթարթում չի ծնվում, բայց այդ ժայթքումը տեղի է ունեցել, եւ այս գործող դե ֆակտո իշխանությունը, որ հերթական անգամ գողացել է իր ժողովրդի, հայ ժողովրդի քվեն, 5 տարին չի հանելու»:
Նա վանաձորցիներին եւս ծանոթացրեց Նոր Հայաստան շարժման հռչակագրի բովանդակությանը` տեղեկացնելով, որ կազմակերպչական, հայեցակարգային, գաղափարական նոր փուլում են: «Դա ենթադրում է քաղաքացիական նոր շարժման կերտում, հավաքական պատասխանատվություն յուրաքանչյուր քաղաքում եւ մարզում»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ռուբեն Հակոբյանի ելույթը՝ տեսանյութում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ