Սահմանամերձ Ոսկեպարում պետական հրատապ ծրագիրը ձախողված է
Սահմանամերձ Ոսկեպարի երիտասարդությունը կառավարության առաջ խնդիր էր բարձրացրել գյուղում մանկապարտեզ գործարկելու: Որոշվել էր գյուղի դպրոցի տարրական դասարանների մասնաշենքը վերանորոգել եւ այն գործարկել որպես մանկապարտեզ: Այդ աշխատանքները կիսատ են մնացել: Ոսկեպարի բնակիչները մեզ ասացին, որ շինարարական կազմակերպությունը թողել-հեռացել է: Ոսկեպարի գյուղապետ, սահմանամերձ համայնքը 2012թ. սեպտեմբերից ղեկավարող Երվանդ Եգանյանին հարցրինք այդ ծրագրի ֆինանսավորման չափի վերաբերյալ: Նա ասաց, որ անտեղյակ է, քանի որ աշխատանքներն իրականացվել են նախորդ գյուղապետի օրոք: Ոսկեպարի գյուղապետարանում մենք ծանոթացանք գյուղապետարանի եւ «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրին: 2012թ. հունիսի 19-ին կնքված այդ պայմանագրով «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ն պարտավորվել է Ոսկեպար համայնքի մանկապարտեզի համար նախատեսված տարածքի վերանորոգման աշխատանքներն ավարտել մինչեւ 2012թ. օգոստոսի 30-ը: Ոսկեպար համայնքն իր ներդրումն է ունեցել այդ ծրագրում: Ոսկեպարի գյուղապետարանը կատարված աշխատանքների համար «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ի հաշվին փոխանցել է 1 միլիոն 900 հազար դրամ: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղեկություններ կան մարզում իրականացված ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդ տեղեկատվության` «Ոսկեպարի դպրոցի տարրական մասնաշենքի վերանորոգում» ծրագրի կապալառուն «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ն է: Ծրագիրն իրականացվել է 2012թ. պետական հրատապ 2-րդ ծրագրի շրջանակներում, այդ նպատակով պետբյուջեից տրամադրվել է 11 միլիոն 435 հազար դրամ: Ծրագրի դիմաց գրված է` «ավարտված»: Նշենք, որ «Կլասիկ պարտներ»» ՍՊԸ-ն գրանցված է Իջեւան քաղաքի Ասլանյան-174 հասցեում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև