Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսում է մարզային հանդիպումները:
Մինչ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կժամաներ Վանաձոր, «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի գրասենյակում եւ դրա տարածքում հավաքված քաղաքացիները իրենց դժգոհությունն էին արտահայտում փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններից` փաստելով, որ իրենք Սերժ Սարգսյանին` որպես նախագահի, չեն ընդունում:
«Մեր ընտրված նոր նախագահ մենք ճանաչում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, մեր նոր նախագահը նա է, մենք մինչեւ վերջ պետք է ենթարկվենք Րաֆֆի Հովհաննիսյանին` որպես մեր նախագահի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է 78-ամյա Գվիդոն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
80-ամյա Արտուշ Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած տարիքին` լի է պայքարելու եռանդով, եկել է, որպեսզի պայքարի հետագա սերունդների համար. «Իմացել ենք գալու ա, եկել ենք այստեղ, մենք եկել ենք Րաֆֆուն տեսնելու, որովհետեւ հարգում ենք, սիրում ենք, եւ չարչարվում է, որ ինչ-որ մի արդյունքի հասնի: Մեր նախագահ մենք ճանաչում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, Սերժ Սարգսյանին` որպես նախագահի, մենք բոլորովին չենք ճանաչում: Ձեր ապագայի համար ենք պայքարում, կապ չունի թե մենք քանի տարեկան ենք, մենք չարչարվում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ղեկավարի Հայաստանը»:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ