Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյան. «Մարդու քոքին պիտի նայես»

Ապրիլ 22,2013 18:05

 

Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական համայնքում, Նար-Դոսի դպրոցին հարակից շենքերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Երեւանի ավագանու գործող անդամ եւ թեկնածու Լեւոն Իգիթյանը այսպես կոչ արեց երեւանցիներին, որպեսզի մայիսի 5-ին իրենց ձայնը տան ՀՀԿ-ին եւ Տարոն Մարգարյանին: Լեւոն Իգիթյանը նախ ասաց, որ մինչեւ այժմ ինքը մտածել է, թե երեւանցուն քարոզելը սխալ է, քանի որ եթե «ինքը քաղաքը չի սիրում, քարոզես-չքարոզես՝ մեկ է»:

Իր ճառերի ավանդական կարգի համաձայն, պարոն Իգիթյանն այնուհետեւ սկսեց պատմել 60-ականների Երեւանի անշուք եւ անհրապույր վիճակի մասին, հասնելով մեր օրերին, ասաց, որ իր գնահատմամբ՝ վերջին 20-25 տարիներին քաղաքային իշխանությունները եւ հանրությունը զբաղված է եղել քարեր շաղ տալով: «Հիմա եկել է քարերը հավաքելու ժամանակը»,- ասաց Իգիթյանը՝ կոչ անելով պարտքերը վերադարձնել մայրաքաղաքին, ու նկատեց, որ ՍՍՀՄ-ից ծանր ժառանգություն ենք ստացել: Այդպես բացատրեց մտավորականը ներկայիս խնդիրները, ասելով, որ դրանք վերջին 20 տարիների ընթացքում ընդամենը խորացել են:

Ապա Կենտրոնի բնակիչներին հորդորեց վստահել ամենալավ բժշկին ու Տարոն Մարգարյանի գովքն անելով նկատեց. «Քաղաքապետ ընտրելուց մարդու քոքին պիտի նայես»: Ըստ Իգիթյանի, մայիսի 5-ին   «մեր քաղաքի դատավճիռն ենք կարդալու»:

Մինչ այդ Տարոն Մարգարյանը արտասանել էր իր ավանդական ճառը, որ բոլոր բակերն ու վարչական շրջանները իրենց հարազատ են եւ որ իրենց թիմը ծառայելու է բնակիչներին:

Այսօրվա հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Նատալիա Լափաուրին: Նկատենք, որ Լափաուրին ավագանու անցած ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակում էր եւ ԲՀԿ-ից ընտրված ավագանու կազմում: Կարճ ժամանակ անց նա լքեց ԲՀԿ-ն՝ ինչ-ինչ անհամաձայնությունների պատճառով, այժմ հանգրվանել է ՀՀԿ-ում:

Այնուհետեւ ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանը իր ելույթում նկատեց, որ Տարոն Մարգարյանը «հիմքերով դուրս է եկել այդ հողից»: Ասաց, որ նա 5 երեխա ունի, որոնք այստեղ են ապրելու, «չեն գնալու ամերիկաները»:

Թոքմաջյանը նաեւ հավելեց, որ Տարոն Մարգարյանը նահապետական ընտանիքի զավակ է, ով երբեք չի օգտվել հոր թողած իրավունքներից, «ինքնուրույն շարունակում է բեռ քաշել»: Թոքմաջյանը նաեւ ասաց, որ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված անկուսակցական մտավորականների թիմը  Տարոն Մարգարյանին հանգիստ չի տալու, պահանջելով, որ օր առաջ լուծվեն քաղաքացիների առջեւ ծառացած խնդիրները:  Որպես օրինակ, պարոն Թոքմաջյանը բերեց Փակ շուկայի խնդրահարույց հարցը, ասելով, որ իրենք պահանջելու են, որպեսզի Տարոն Մարգարյանն օգտագործի իր բոլոր լիազորությունները՝ Փակ շուկան, որպես պատմամշակութային արժեք, հին տեսքով պահպանելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Եթե քաղաքապետ ընտրելիս պետք է մարդու քոքին նայել, ապա պալատական գովերգող “մտավորականին” ճանաչելու համար իսկի էլ կարիք չկա մարդու քոքին նայել` նրա բառերից ու հաճոյախոսություններից էլ հասկացվում է, որ ինքն ա:

  2. susanna says:

    Վոնց չե՛ք ամաչում, ի՛նչի եք խաբում ու կործանում Հայաստանը : Մինչեվ երբ պիտի քծնվեք ու սողաք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930