Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավիճաբանությունների փուլում Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզական վարչության 4-րդ վարչության պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանի գործով մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Կորյուն Փիլոյանը: Ռոբերտ Լայիշյանից 3000 դոլար կաշառք վերցնելը նա համարեց հիմնավոր, ավելին, դատախազն ասաց, որ ապացույցների հետ կապված էական բան չի փոխվել: Համարելով մեղադրանքը հիմնավորված, նա միջնորդեց ԱԱԾ աշխատակցին դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ:
Արմեն Տեր-Մինասյանի պաշտպան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ակնարկեց, որ առաջին ատյանում մեկ անգամ նախկինում կայացված դատավճիռը (2011թ. հունվարի 20) քրեական գործերով վերաքննիչ դատարանը բեկանել է եւ ըստ պաշտպանի՝ դատախազը ճիշտ է ասում, որ այդ գործով ոչինչ չի փոխվել:
Ըստ պաշտպանի, Տեր-Մինասյանի աշխատասենյակում գումար չի հայտնաբերվել, անգամ հայտնի տեսանյութում, թե իբր Լայիշյանը գումար է փոխանցել, ընդամենը պատկերված է այն, որ կաշառատուն աջ ձեռքով շոյում է իր գլուխը, պատրանք ստեղծելով, թե գումար է տալիս:
Ի դեպ, ըստ պաշտպանի տեղեկատվության, ԱԱԾ-ում հաղորդում չի ստացվել Ռոբերտ Լայիշյանից: Իսկ գումարը, որը մշակվել էր հատուկ նյութերով, այդ նյութի հետքերն էլ չեն հայտնաբերվել ոչ աշխատասենյակում, ոչ էլ Տեր-Մինասյանի հագուստների վրա: Պաշտպանը միջնորդեց, որպեսզի Տեր-Մինասյանի նկատմամբ կայացվի արդարացման վճիռ:
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 8-ին: Վերջին խոսքով հանդես կգա Արմեն Տեր-Մինասյանը եւ դատարանը կմտնի խորհրդակցական սենյակ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ