Վանաձորի Մոսկովյան փողոցը Գր. Լուսավորիչ փողոցին միացնող հատվածը լույսի «կարոտ է»: Թաղամասի բնակիչները պատմում են, որ քանիցս դիմել են համապատասխան մարմինների, բայց հարցը մնացել է չլուծված: Խնդիրն այն է, որ քաղաքի այդ հատվածը գտնվում է Վանաձորի կենտրոնական այգիներից մեկի` Հրանտ Մաթեւոսյանի անվան այգու հարեւանությամբ: Մյուս կողմից, սա այն բանուկ հատվածն է, որով «Երրորդ մաս» թաղամասի բնակիչներն են անցնում` հասնելու համար քաղաքը այդ թաղամասին կապող կամրջին:
«Իրիգունը գործից տուն ենք գալիս, էնքան մութ ա, ոչ մի բան չի երեւում: Էդ քիչ ա, կողքի աղբանոցն էլ հետը` լիքը շներով ու բոմժերով»,- բողոքում է բնակիչներից մեկը: Նրանց խոսքով, մի քանի տարի առաջ շները նույնիսկ հարձակվել են աշխատանքից երեկոյան ժամերին տուն եկող երեք կանանց վրա:
«Հիմա ինչ անեմ, որ ես աշխատանքս ավարտում եմ 23:00-ից հետո, չգնամ, չաշխատեմ…. դժվարությամբ աշխատանք եմ գտել: Էս թվին ամեն աշխատանք պիտի ատամներով պահես: Էլ չեմ ասում` տանից դուրս գալիս էլ չմոռանաս լապտերիկը, հակառակ դեպքում տուն չես հասնի»,- նշում է «Երրորդ մաս» թաղամասի բնակչուհի 45-ամյա տիկին Մարինեն, ով ամեն օր ստիպված է լինում այդ մութ ճանապարհով անցնել, կամուրջն էլ կտրել, որպեսզի տուն հասնի:
Այս տարածքը մարդաշատ է լինում հատկապես ամռանը, երբ գործի են դրվում այգու ատրակցիոն խաղերը, բացվում են ժամանցի կենտրոններն ու սրճարանները: Ամառային երեկոներն այստեղ անցկացնողները պատմում են, որ այդ հատվածում այնքան մութ է լինում` դիմացինիդ չես տեսնում, ու անխուսափելի են դառնում «մարդկային բախումները», ճիշտ այնպես, ինչպես երկու ավտոմեքենա իրար կբախվեն սառցակալած փողոցների վրա. «Թե ձմեռն ավտոների վթարներ են լինում, էս թաղըմ էլ մարդկանց վթարներն են ավելանըմ»,- նշում են բնակիչները:
Նրանք որոշել են այս անգամ իրենց էլեկտրասյուների տեղադրման եւ փողոցը լուսավորելու խնդրով դիմել ավագանուն կամ էլ անձամբ քաղաքապետին. «Ջահել մարդիկ կան ավագանու մեջ, գոնե իրանք կհասկանան մեզ ու մեր պրոբլեմին լուծում կտան»,- ասում է 67-ամյա տիկին Լաուրան:
Հրաչ Հովհաննիսյան՝ (mynews.am)