Բոստոն քաղաքի ոստիկանապետ Էդ Դեյվիսի համաձայն, Ջոխար և Թամերլան Ցառնաև եղբայրներին չհայտնաբերելու և չվնասազերծելու դեպքում վերջիններս կարող էին լրացուցիչ հարձակումներ իրականացնել
Անցյալ շաբաթ Բոստոնում իրականացրած հարձակումների ձերբակալված կազմակերպիչներից մեկը՝ Ջոխար Ցառնաևը, մնում է հիվանդանոցում: Նրա մոտ դեռևս չի վերականգնվել խոսելու ունակությունը:
Բոստոն քաղաքի ոստիկանապետ Էդ Դեյվիսի համաձայն, Ջոխար և Թամերլան Ցառնաև եղբայրներին չհայտնաբերելու և չվնասազերծելու դեպքում վերջիններս կարող էին լրացուցիչ հարձակումներ իրականացնել:
Ոստիկանապետ Դեյվիսն ասել է, թե կասկածյալները, որոնցից մեկին ոստիկանության ծառայողները սպանել էին անցյալ շաբաթ իրականացված որոնողական գործողությունների ընթացքում, բացի Բոստոնի մարաթոնի ռմբակոծություններից ծրագրում էին նման մի քանի այլ հարձակումներ:
Կարդացեք նաև
«Դեպքի վայրում հավաքված վկայությունները հիմք ընդունելով՝ կարող ենք ենթադրել, որ նրանց պատրաստվում էին նոր հարձակումներ իրականացնել», – ասել է ոստիկանապետը:
Անդրադառնալով ձերբակալված Ջոխար Ցառնաևի վիճակին՝ Դեյվիսն ասել է, որ վերջինս գտնվում է ծանր, սակայն կայուն վիճակում:
«Մեզ դեռևս չի հաջողվել հարցաքննել նրան: Նրա հարցաքննությամբ կզբաղվի ՀԴԲ-ի հատուկ մի խումբ», – նշել է Դեյվիսը՝ հավելելով, որ դեռևս կան առանց պատասխան մնացած բազմաթիվ հարցեր, ներառյալ հարձակումների դրդապատճառները:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»