Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի որոշ դպրոցների ու մանկապարտեզների երեխաները մկնդեղի հետ են խաղում (Տեսանյութ)

Ապրիլ 22,2013 17:20

Կան դպրոցներ, որոնց բակերում թափված են հարակից տարածում գտնվող պոչամբարների պոչանքները, իսկ այդտեղ երեխաներ են խաղում եւ ենթարկվում են մկնդեղի ազդեցությանը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դասախոս Վարդուհի Պետրոսյանը: Նրա ներկայացմամբ` իրենք «Black Smith» ինստիտուտի աջակցությամբ Հայաստանի 19 համայնքներում ուսումնասիրություն են կատարել` պարզելու ծանր մետաղների առկայությունը: Ըստ այդ ուսումնասիրությունների, հողում առկա ծանր մետաղներ հայտնաբերվել են հիմնականում այն համայնքներում, որտեղ կան հանքարդյունաբերական ընկերություններ, ձուլարաններ եւ գործող ու չգործող պոչամբարներ:

Տիկին Պետրոսյանի խոսքերով. «Մենք ունենք աղտոտվածություն խրոմով, կադմինով, կապարով եւ մկնդեղով. սրանք համարվում են ծանր մետաղներ եւ հավաքված հողի նմուշներից պարզվել է, որ հայտնաբերվել է հողի աղտոտվածություն որոշ դպրոցների, մանկապարտեզների խաղահրապարակներում: Սա խնդիր է եւ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել»:

Ուսումնասիրության շրջանակում բնակիչների հետ հարցազրույցներից նաեւ պարզվել է, որ բնակիչները երբեմն վախենում են իրենց անհանգստությունն արտահայտել այդ թեմաներով, երբեմն ստիպված են լինում ցածր գներով իրենց հողամասերը վաճառել հանքարդյունաբերական ընկերություններին, բնակիչները նաեւ կարծում են, որ իրենց գյուղմթերքները մրցունակ չեն, քանի որ կարծիք կա, որ դրանք աղտոտված են ծանր մետաղներով:

Թե կոնկրետ ո՞ր համայնքներն են նման վիճակում եւ ո՞ր դպրոցի բակում է պոչանք թափվում, մեր այս հարցին տիկին Պետրոսյանը սկզբում չպատասխանեց, միայն ավելացրեց, որ այդ տվյալները փոխանցվել են առողջապահության եւ բնապահպանության նախարարություններ: Միայն մեր պնդումներից հետո տիկին Պետրոսյանն ընդամենն ասաց, որ Ալավերդի եւ Ախթալա քաղաքների հողերի բոլոր նմուշներում գտել են մկնդեղ. «Օրինակ Ախթալայի եկեղեցու բակում գտել ենք 11-12 անգամ նորմայից բարձր մկնդեղ եւ կապար: Այդ համայնքներում աղտոտվածության պատճառ են հանդիսանում հանքարդյունաբերական գործարանները, ձուլարաններն ու պոչամբարները»:

Ասուլիսին ներկա առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ եւ քաղցկեղի վերաբերյալ գիտական հետազոտությունների միջազգային գործակալության տնօրեն Քուրթ Սրթեյֆն էլ նշեց, որ կան քաղցկեղի առաջացման 100-ից ավելի գործոններ կան, իսկ Վարդուհի Պետրոսյանի ուսումնասիրությունը հիմնավորում է, որ այդ համայնքներում մկնդեղի չափաքանակը շրջակա միջավայրում գերազանցում է միջազգային չափանիշները. «Հայտնաբերված նյութերը քաղցկեղ առաջացնող նյութեր են: Մկնդեղն ու կադիումը, ապացուցված է, որ առաջացնում են թոքերի քաղցկեղ: Մկնդեղի պարագայում կան որոշակի ապացույցներ, որ միզապարկի եւ մաշկի քաղցկեղ են առաջացնում: Քաղցկեղածին նյութերի պարագայում չկա նվազագույն շեմ, որից ներքեւ չի կարող ունենալ քաղցկեղածին ազդեցություն»:

Ասուլիսին ներկա, ոլորտի մեկ այլ միջազգային մասնագետ Մարգարիտ Վոն Բրաունի խոսքերով էլ` «Այսօրվա դրությամբ աշխարհում մետաղների նկատմամբ ախորժակը օրեցօր ավելանում է, այդ պարագայում, երբ ասենք ավելանում է ավտոմարտկոցների, կապարի եւ այլ նյութերի նկատմամբ պահանջարկը, ավելի մեծ ճնշում է գործադրվում հանքարդյունաբերող ընկերությունների վրա այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930