«Լեռնային պար» խմբաքանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանն այսօր «Հայելի» ակումբում հայտնեց, որ համացանցից է տեղեկացել «Լեռնային պարի» ավերվելու եւ կողոպտվելու մասին. «Ցավալի փաստ է, կարծես իմ կենսագրությունից 15 տարի կտրել, դեն են գցել: Ես պարզապես պահանջում եմ, որ քանդակը վերականգնվի: Իսկ թե ով է պատասխանատուն, թող պարզեն իրավապահ մարմինները: Ես շատ վրդովված եմ, որովհետեւ «Լեռնային պարն» իմ սիրելի քանդակն է, որը ժողովրդի կողմից էլ է սիրված եւ ընդունված: Ես կարող եմ պահանջել քանդակը վերականգնել, քանի դեռ ես ի վիճակի եմ դա անել»:
Պարոն Արզումանյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանում քանդակը տեղափոխելու որոշում էր կայացվել, իսկ ինքը դեմ չի եղել դրան, իսկ «Դվին» հյուրանոցի տնօրինությունը կառավարության հետ համաձայնության էր եկել` քանդակը տեսանելի վիճակում պահելու եւ ցանկապատը ետ տանելու շուրջ, սակայն քանդակն այդպես էլ մնաց ցանկապատի ետեւում:
Հեղինակի խոսքով` քանդակի վերականգնման հարցերը հստակեցնելու համար հատուկ հանձնաժողով պետք է լինի, որն էլ կգնահատի վնասի չափը. «Քանդակի 80-90 տոկոսը չկա: Պատճառը պղինձն է: Գողի համար դա է արժեքավոր: «Դվինի» տնօրինությունը հայտարարեց, որ մեկ միլիոնի վնաս է հասցվել, բայց մեկ միլիոնը քանդակի միջի սեւ մետաղի արժեքն է միայն, այնպես որ, ծիծաղելի թիվ է դա: Կարծում եմ` մեկ ամիս շարունակ քանդել են ու կողոպտել: Եթե առաջին կտորը գողանալուց տիրություն արվեր, նման բան չէր լինի: Ոչ քաղաքապետարանը, ոչ ես տեղյակ չենք եղել այդ մասին»:
Տիգրան Արզումանյանը լրագրողների միջոցով դիմեց ոստիկանապետին եւ խնդրեց հսկողության տակ պահել քանդակը. «Սա հանցագործություն է` ոչ պակաս, քան Պարույր Հայրիկյանի վրա կրակելը, որովհետեւ երկուսն էլ նույն գործն են արել` ժողովրդի մեջ ազգային ենթագիտակցություն են սերմանել»:
Կարդացեք նաև
Տիգրան Արզումանյանը հայտնեց, որ քանդակը հանդիսանում է քաղաքապետարանի սեփականությունը, սակայն պահպանության համար հանձնված էր «Դվին» հյուրանոցի տնօրինությանը:
Դերասան Ազատ Գասպարյանի դիտարկմամբ` Երևանում գունավոր մետաղների ընդունման կետերը պետք է փակվեն. «Ես գողին ոնց մեղադրեմ, եթե նա սոված է եւ պետք է մի բան պոկի-տանի եւ վաճառի»: Գասպարյանը քանդակն ավերելու քայլը սրբապղծություն է համարում. «Այդ արձանի շուրջը ջահելները երդվում էին, որ բանակ գնային: Արձանը բարձր մշակութային արժեք էր, որ բարբարոսաբար կտրեցին-տարան»:
Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը փաստեց, որ հուշարձանը մտել է քաղաքի կենսագրության մեջ, եւ դրա արժեքը այսօր չենք կարող որոշել: «Կարիքավոր մարդուց (գողերին ի նկատի ունի) արվեստ պահանջելն անիմաստ է, մենք պետք է դառնանք մեր երկրի տերը»,-հավելեց Հաղթանակ Շահումյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ