«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր ապրիլի 9-ի դեպքերի առիթով հատուկ քննչական ծառայությունում մի քանի ժամ հարցաքննվել է որպես վկա:
«Ինչ եղել էր այդ օրը, եւս մեկ անգամ ներկայացրի քննիչին: Շատ նորմալ հարցաքննություն ընթացավ»,- հարցաքննությունից հետո լրագրողներին պատմեց պարոն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով, հարցաքննությունը վերաբերել է հարուցված երկու գործերին էլ. «Առավոտյան իրարանցման, ոստիկանների անօրինական գործողությունների հետ էր կապված: Որպես ավագանու թեկնածու, «Բարեւ Երեւան» Դաշինքի ցուցակի առաջին համարի, դեռեւս ապրիլի 7-ից Գյումրիից Երեւան քայլերթի ժամանակ ոստիկանները ապօրինի խոչընդոտել են մեր երթը…եւ երկրորդ դրվագը երեկոյան էր, երբ ոստիկանության որոշ ներկայացուցիչներ գազանային բնազդ ցուցաբերեցին եւ բռնության ենթարկեցին ինձ»:
Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ իր նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին facebook-ի օգտատերերը շատ արագ ճանաչեցին դեպքի վայրում արված տեսանյութերից եւ պարզվեց, որ նրանցից մեկն էլ հայտնի է «Բիզոն» մականունով. «Խոշոր սմբակավորի մականուն ունի, իսկ խոշոր սմբակավորները պետք է դաշտերում լինեն, ոչ թե ոստիկանական համակարգում»:
Կարդացեք նաև
Նա նաեւ պնդեց, որ «Բիզոն» մականունով ոստիկանը ապրիլի 9-ին ինքնաձիգով զինված է եղել. «Ի՞նչ էր անում ավտոմատավորը այդ խաղաղ ցուցարարների շրջանում»:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ