Նախորդ օրը Գյումրի այցելած «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով վարչապետի վերանշանակման մասին ` կարծիք հայտնեց, որ երկու Սարգսյաններին միմյանց կապողը տեր ու ծառայի հոգեբանությունն է: «Այդ ադիմինստրացիան, որը իշխում է մեր երկիրը, նրանք հաշվետու են ոչ թե մեր ժողովրդին, այլ իրենց տերերին: Եվ այս իմաստով, տերերի ընդհանրության իմաստով, իրենք ունեն կապեր, այս դեպքում երկու Սարգսյանները` Տիգրան և նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը: Բնականաբար այս մարդիկ, իրենց ծառայությունը մատուցելով իրենց տերերին, այդ նույն տերերը շարունակում են նրանց փայփայելով պահպանել այս պաշտոններին: Եվ հույսեր դնել, որ որևէ ժամանակ այդ փոխոխությունը կարող է լինել տերերի կողմից, ես կարծում եմ, որ դա միամտություն է: Հույսը պետք է դնենք մեր վրա, մեր ժողովրդի վրա»,-ասաց պարոն Սեֆիլյանը:
Նա միաժամանակ հայտարարեց, որ գործող ադմինիստրացիայի վերանշանակումը կատարվում է ամենայն ցինիկությամբ:
Aravot.am-ը պարոն Սեֆիլյանից հետաքրքրվեց, թե, իր կարծիքով ,ո՞վ կդառնա Երևանի քաղաքապետ, արդյոք այս հարցո՞ւմ էլ նույն համոզմունքն ունի, որ վերանշանակումների շարքը շարունակվելու է, թե՞ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը ու մյուս ուժերը այդքան հեշտ ու հանգիստ թույլ չեն տա, որ այս անգամ քաղաքապետի աթոռը դարձյալ ՀՀԿ-ն գրավի: «ՀՀԿ-ին կհաջողվի ապահովել իրենց ենթակա մարդկանց քանակը ավագանու, էսպես ասած, խմբի մեջ, իսկ թե ենթակա մարդկանցից քանիսը կլինեն «Բարգավաճ», քանիսը «Օրինաց», քանիսը այլ ուժերից, դա կարևոր չէ, բայց որ նրանք այսօրվանից գիտեն, ովքեր են լինելու մեծամասնությունը, դա փաստ է»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ազգի հաջողությունն է ունենալ,՝ Ժիրայր Սեֆիլյանի նման անձիք, և ազգի դժբախտությունն է,՝ ոչ
արժանավայել գնհատել նրանց: