Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են «Վազգեն Խաչիկյան +12» քրեական գործով դատական նիստերը:
Դատարանը հասցրել է լսել 190 վկաներից դեռ 10 վկայի:
Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է այն բանի համար, որ աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, մասնավորապես, որ իր կողմից վերահսկվել է կենսաթոշակառուների կողմից կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելու վերաբերյալ կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչությանը ներկայացված դիմումների հիման վրա կուտակված կենսաթոշակների գումարները, Ծառայության վճարային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների կողմից վճարելու գործընթացը՝ Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները, բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:
Այս գործից «անմասն» չի մնացել նաեւ Շենգավիթի տարածքային բաժնի պետ Սամվել Էլբակյանը:
Վերջինս ըստ մեղադրանքի կողմի, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով ծառայության տարածքային բաժնի կանոնադրությամբ նախատեսված կենսաթոշակների և սոցիալական այլ ծրագրերի նշանակման, վերահաշվարկման, վճարային ցուցակների կազմման գործընթացը ղեկավարելու և վերահսկելու լիազորություններով՝ 2010 թվականի հոկտեմբերին Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Ի դեպ, նկատենք, որ Շենգավիթի տարածքային բաժինը երեք աշխատակցով է այս գործով «անցնում»:
Կարդացեք նաև
Մեծ եղավ մեր զարմանքը, երբ հեռախոսով կենսաթոշակի հետ կապված հարցով զանգելով Շենգավիթի տարածքային պետին, լսեցինք հետեւյալը. «Ալո, Էլբակյանը լսում է»:
Հետեւությունները թողնում ենք ձեզ: Փաստորեն, նա աշխատում է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ