«Ցեղասպանության 100-ամյա տարելիցը ընդամենը տարելից է: Հասկանալի է, որ կլինեն ավելի խոշոր ձեռնարկներ եւ ակտիվություն, բայց պետք չէ տրամադրվել, թե 2015թ-ին ամեն ինչ ավարտվում է: 2015-ը մեր ուժերը կրկին վերախմբավորելու, վերադասավորելու եւ համազգային հաշվառում անելու հանգրվան է, որից հետո պետք է շարժվենք առաջ: 2015-ը նոր հնարավորությունների եւ ճանապարհների մեկնակետ պետք է լինի»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հրամանով 2011թ-ին ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները կարգավորող պետական հանձնաժողովը արդեն երկու նիստ է ունեցել, իսկ մայիսի 30-ին տեղի կունենա 3-րդ նիստը, որի օրակարգը դեռեւս մշակման փուլում է: Դեմոյանի փոխանցմամբ` նիստում սկզբունքային որոշումներ պետք է կայացվեն. «Հանձնաժողովը ներկայացուցչական է, ընդգրկում է քաղաքական, ազգային եւ հոգևոր կառույցները: Հանձնաժողովի ուշադրությանը ներկայացնելու համար մշակում ենք բոլոր առաջարկությունները, որոնք ստացել ենք կուսակցություններից, ազգային կառույցներից եւ քաղաքացիներից: Քննարկվում է առաջնային միջոցառումների ցանկը: Իսկ գլխավոր հարցը, որ հնչեցնում են վերլուծաբանները եւ սփյուռքը, արդյոք լինելո՞ւ է իրավական առճակատում: Սա սկզբունքային հարց է, որը պետք է քննարկվի: Իրավական փաթեթ արդեն ներկայացվել է կուսակցություններից մեկի կողմից, սակայն ներկա պահին շատ տեսակետեր ունենք: Պետք է կարողանանք ընդհանուր հայտարարի գալ, որ կարողանանք իրավական փաթեթ, իսկ հետո` պահանջ ներկայացնել»:
Դեմոյանը փաստեց, որ հանձնաժողովի աշխատանքները հեշտ չեն ընթանում. «Գայթակղության չեմ տրվի եւ չեմ բացահայտի այն դժվարությունները, որոնց բախվում եմ իմ աշխատանքի ընթացքում` որպես հանձնաժողովի քարտուղար: Թող չթվա, թե ամեն ինչ միահամուռ է ընդունվում: Տարիների ընթացքում կուտակված կարծրատիպեր եւ խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարվեն»:
Անդրադառնալով ցեղասպանության մասին դասավանդելու խնդրին` Հայկ Դեմոյանն ասաց, որ ցեղասպանության մասին դասավանդելը ոչ թե հոգեպես ընկճելու, այլ հոգեպես առողջ դաստիարակելու եւ գիտակից, օրինապաշտ քաղաքացի ձեւավորելու համար է: «Քննադատությունը երբեմն արհեստական է»,-հավելեց Դեմոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև