Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր թիրախը չպետք է լինեն ծախու թուրք գիտնականները»

Ապրիլ 22,2013 15:36

«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները կարգավորող պետական հանձնաժողովի ստեղծումն ուշացել է, ուստի հանձնաժողովի աշխատանքները քննադատելը ճիշտ չէ, չնայած դրանց ընթացքը դանդաղ է: Ամեն դեպքում, միջազգային հանրությունը սպասում է ինչ-որ բանի: Եթե տեղի ունենա մի քանի կոնֆերանս եւ մի քանի գրքի հրատարակություն, սփյուռքը մի փոքր հիասթափություն կապրի: Սա պետական հանձնաժողովի խնդիրը չէ միայն, այլ բոլորիս, այնպես որ պետք չէ հանձնաժողովի վրա ամբողջ խնդիրը բարդել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքով. «Շատերն ասում են, թե այսօր Թուրքիան շատ է փոխվել: Ցավոք, Թուրքիայում  փոփոխություններն արագ չեն ընթանում: Հնարավոր  է, որ «ցեղասպանություն» բառն այլեւս  տաբու չէ, բայց երբ տեսնում ենք Թուրքիայում ընտրությունների արդյունքները, եւ թե ազգայնական ձայն ստանալու համար իշխանությունն ինչ մեթոդների է դիմում, հասկանում ենք, որ Ստամբուլը Թուրքիա չէ: Պետք է հասկանալ թուրք հասարակության ինֆորմացիայի աղբյուրները եւ աշխատել դրանց վրա: Օրինակ, Հայաստանում «գերիշխող» է «Ֆեյսբուքը», մինչդեռ Թուրքիայում`  «Թվիթթերը»:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի դիտարկմամբ` խնդիրը համակարգված գործողությունները դանդաղ եւ դժվարությամբ իրականացնելու մեջ է. օրինակ, ցեղասպանության խնդիրներին նվիրված գիտաժողովը, ըստ տիկին Հովհաննիսյանի, հապճեպ էր:  Խոսելով ցեղասպանության ուսումնասիրման ակադեմիական մակարդակից` Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ միակ ձեռքբերումը համաշխարհային ակադեմիական շրջանակներում Հայոց Ցեղասպանության ընդունված լինելու փաստն է. «Հայ եւ օտարազգի գիտնականների տարիների համատեղ աշխատանքի շնորհիվ հասանք նրան, որ այսօր ոչ մի լուրջ գիտնական ցեղասպանության հարցը կասկածի տակ չի դնում: Բայց այս առումով չպետք է հանգիստ լինել, որովհետեւ թուրքերն ակտիվ են աշխատում` փորձելով կոտրել իրենց համար «բաց» համարվող այդ հարցը»:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ` պետք է աշխատել  Թուրքիայում որոշակի արգելված թեմաների քննարկումներն  ակտիվացնելու ուղղությամբ. «Մեր թիրախը պետք է լինեն ոչ թե ծախու թուրք գիտնականները, այլ ինֆորմացիոն սովի մեջ գտնվող թուրքական հասարակությունը»:

Մելքոնյանը հիշատակեց թուրքական խորհրդարանի ընդդիմադիր քուրդ պատգամավորներին, ովքեր հեղինակություն են համարվում եւ խորհրդարանում խոսում են ցեղասպանության մասին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930