Նա Արմեն Մարտիրոսյանին վստահեցնում է, որ եթե նկատի է ունեցել ՀՅԴ-ին` չարաչար սխալվել է
Երեկ Աջափնյակ համայնքում «Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանն այսպիսի հայտարարություն արեց. «Որեւէ անձ, ով էլ լինի այլ թիմերից չի կարողանալու բարեփոխումներ իրականացնել Երեւանում, որովհետեւ իրենց թիմը, իրենց կուսակցությունը անցյալի բեռ ունի, կոռուպցիա ունի իր մեջ, ատկատներ ունի, յուրացումներ ունի, խոշոր օլիգարխիկ ներկայացուցիչներ ունի, նախկին նախագահների հարազատներ ունի: Այդ ամեն մի բացասականը կա, չեն կարող իրենք այդ բարեփոխումներն իրականացնել»:
Այսօր այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Դաշնակցությանը դա չի վերաբերվում: Եթե մտքի ծայրով անցկացրել է պարոն Մարտիրոսյանը, չարաչար սխալվել է: Դաշնակցությունն ունի եւ թիմ եւ պրոֆեսիոնալ աշխատող մարդիկ, փորձառու, որոնք կարող են անել: Մենք ուրիշների նման չենք, որ ասենք` միայն մենք ենք ամենաճիշտը: Մենք նաեւ կռապաշտ չենք: Բայց ես ձեզ երաշխավորում եմ` եթե Արմեն Մարտիրոսյանը այդ բոլորի մեջ նկատի ունի Դաշնակցությանը, նա չարաչար սխալվել է»:
Մեր հարցին` Ձեր ցուցակում 3 նախագահների բարեկամներ կա՞ն` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի` Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում 3 նախագահների բարեկամներ: Մարդկային հարաբերությունները, ընկերական հարաբերությունները բոլորովին այլն են, օրինակ,Տարոն Մարգարյանին մենք շատ լավ վերաբերվում ենք, շատ լավ տղա է, բայց դա չի նշանակում, որ պետք է խառնել պետական բուրդը սեփական բրդի հետ: Դրանք բոլորովին տարբեր բաներ են: «Ժառանգության» մեջ չկա՞ն արդյոք բարեկամներ ունեցողներ կամ ընկերներ ունեցողներ: Երկնքի՞ց են իջել նրանք, հա՞: Չէէէէ~: Պարոն Մարտիրոսյանը ճիշտ կլինի մտածի, թե ինչու «Նիգ Ապարան» հայրենակցական միությունն իրեն չի պաշտպանում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ