Հայաստանում անցկացված նախագահական բոլոր ընտրությունները, ի տարբերություն վերջին ընտրության, հանգեցրել են հասարակության ներսում սուր, երբեմն վնասարար, բաժանարար գծերի առաջացմանը, որոշ պարագաներում այնպիսի, որոնք հաղթահարելու համար պահանջվել են տարիներ: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում նման դիտարկում արեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` հավելելով, որ այս առումով վերջին նախագահական ընտրություններին հետեւած հետընտրական զարգացումներն առավել նվազ մտահոգիչ էին ՀՀ անկախության ողջ պատմության ընթացքում: Պատգամավորի համոզմամբ, նախագահական վերջին ընտրությունները նաև ցույց տվեցին, որ քաղաքական ընդդիմությունն ու իշխանությունը առավել հակված են երկխոսությամբ հասնել առաջացած խնդիրների լուծմանը. «Նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ քաղաքական կամք դրսևորեց` կոչ անելով երկխոսության, ցավոք ընդդիմության առաջնորդը գուցե սխալ գնահատեց իրավիճակը` չընդունելով նախագահի առաջարկությունները»:
Հիմա, ըստ Սամվել Ֆարմանյանի, ՀՀ իշխանությունները նոր ձևավորվող կառավարության հետ միասին պետք է ուշադրությունը սևեռեն այն ծրագրերի իրագործման վրա, որոնք ընկած են եղել ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի հիմքում: Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ,նոր ձեւավորվելիք կառավարությունից սպասելիքներ ունի նաեւ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը: Մինչդեռ, նա գտնում է, որ նոր ձևավորվելիք կառավարությունը պետք է արդարացնի «հանրապետության նախագահի, քաղաքական մեծամասնության վստահությունը»:
Պատգամավորը կարծում է, որ կառավարության գործունեության նպատակը պետք է լինի՝ աշխատատեղերի ստեղծում, պետական տարբեր կառույցներում վարչարարության նվազում, ծառայությունների որակի բարձրացում, կոռուպցիայի կրճատում, հովանավորության ու տնտեսական մենաշնորհների վերացում, ինչպես նաեւ՝ արտագաղթի տեմպերի նվազում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ