«Հաշվի առնելով, որ հայաստանյան մնայուն առանցքը և ողնաշարը մայրենի լեզվի իմացությունը, պահպանումն ու զարգացումն է` դիմում ենք աշխարհասփյուռ հայ երիտասարդներին սովորել, խոսել հայերեն և պայքարել, որպեսզի աշխարհում բոլոր հայ երիտասարդները սովորեն հայոց լեզուն, որպես մեր ազգային ինքնության և լինելիության վկայական»,-այսօր այս մասին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի ընթացքում ասաց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:
Համաժողովին մասնակցում էր շուրջ 500 երիտասարդ՝ աշխարհի 30 երկրից: Համաժողովի կազմակերպման համար ՀՀ սփյուռքի նախարարությունը համագործակցել է ավելի քան 40 համահայկական և տեղական երիտասարդական կառույցների հետ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունեց երիտասարդներին և համոզմունք հայտնեց, որ այս հանդիպումը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ երիտասարդների համար: «Մեր ուժը մեր համագործակցության մեջ է»,-ընդգծեց վարչապետը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ.Մանասարյանն իր ելույթում ասաց, որ այն ամենն, ինչ արվում է, բոլոր ուղղություններ պետք է տանեն դեպի մեր պետության և պետականության շահը. «Առաջին բանը, որ պետք է անել, պետք է մաքրել մեր լեզուն, ինչպես նաև խոսենք և մտածենք մեր լեզվով, ծառայել մեր լեզվին: Հուսով եմ՝ հայրենիքում անցկացրած այս քանի օրերը ձեզ համար ամենահրաշալի օրերը կլինեն»,-ասաց Մ. Մանասարյան:
Կարդացեք նաև
Սիրիահայ Հարութ Տոնոյանը հիշեցրեց, որ այսօր հայ ժողովուրդը ունի հայրենիք, որ կկոչվի Հայաստան, ունի եկեղեցի, որ կքարոզի քրիստոնեություն, ունի դպրոց, որ կսովորեցնի մայրենի լեզու: «Այսօր հայ ժողովրդի կատարած աշխատանքները մի նպատակի է ծառայում` շենացնել և բարգավաճել Հայաստանը»:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձավ հայագիտության խնդրին, ասաց, որ մեզ համար կարևորը այն ընդունելն է, որպես մտածելակերպ և այսօրվա երիտասարդության խնդիրը կլինի այս խնդրի լուծումը: Մկրտչյանը հայերի միասնության մեջ բացառում է մրցակցությունը. «Մեր միասնությունը կարելի է ապահովել այն դեպքում, երբ դա արվում է, ոչ թե մրցակցության, այլ համագործակցության միջոցով: Մրցակցությունը տանում է միայն կործանման: Պետք է ունենալ պատկերացում, թե ինչպես ենք պատկերացնում մեր ապագան»:
Համաժողովին ներկա գտնվող Արցախից և սփյուռքից ժամանած հայ երիտասարդները մեծ ոգևորությամբ և ուրախությամբ էին եկել Հայաստան: Արդեն ծրագրել են, այսօր երեկոյան կշրջեն մայրաքաղաքով, վաղը կմասնակցեն ջահերով երթին, իսկ հաջորդ օրը կբարձրանան Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու 1915թ. երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ