Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհ գործարարներին գայթակղելու համար Հայաստանը գովեցին ու գովերգեցին

Ապրիլ 22,2013 14:15

Լեհական կողմից Հայաստան էին եկել մասնավորապես`շինարարության ոլորտի գործարարներ:

 Այսօր էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված Հայ-լեհական համաժողովի ժամանակ Լեհաստանից ժամանած գործարարների, Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարարի մոտ Հայաստանի տնտեսությունը, ներդրումային դաշտը եւ ընդհանրապես մեր երկրում բիզնեսը զարգացնելու հեռանկարները հայ պաշտոնյաներն այնպես գովեցին, որ տպավորություն ստեղծվեց, թե եվրոպական զարգացած երկրի մասին է խոսքը:

Լեհ գործարարներին ամեն կերպ գայթակղելու համար, որ մեր երկրում ներդրումներ անեն, Զարգացման հայկական գործակալության ներդրումների խթանման վարչության ծրագրի ղեկավար Լուսինե Ղահրամանյանը վստահեցրեց, որ

Մոդուսի վարկանիշով այսինչ տեղում ենք, էլեկտրաէներգիայի գներով ամենաէժան երկիրն ենք, ներդրողների իրավունքների պաշտպանությունը երաշխավորված է, ուսանողների 60 %-ն ազատ տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ այլ լեզուների, թեթեւ արդյունաբերության ոլորտում բիզնես ծավալելու համար մեծ բարեփոխումներ են եղել եւ այլն: Այդուհանդերձ, Լ. Ղահրամանյանը խոստովանեց, որ մեր երկրում ամենահարուստ կապիտալը մարդն է: Սակայն այդ կապիտալի արտահոսքի, շինարարության ոլորտում գրանցված զգալի անկման, երկրում առկա աղքատության (ոչ պաշտոնական տվյալներով 42 %) բարձր ցուցանիշի մասին լեհերին ոչ մի խոսք չասացին:

Հայկական կողմը լեհ գործարարներին առաջարկում է ներդրումներ անել

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, տուրիզմի, դեղագործության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում: Ըստ Լ. Ղահրամանյանի, Հայաստանը 2012-ին 800 հազար տուրիստ է ընդունել, եւ տարեցտարի այդ թիվը 15-20 տոկոսով էլ աճում է: Լեհերին վստահեցրինք նաեւ, որ  7200 անուն ապրանք արտահանում ենք Եվրամիություն, շուտով բացվելուն են ազատ տնտեսական գոտիներ, որտեղ գործարարները ազատված են լինելու եկամտահարկ ու այլ հարկուտուրքեր վճարելուց: Նշենք, որ Լեհական կողմից Հայաստան էին եկել

մասնավորապես`շինարարության ոլորտի գործարարներ:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2012 թվականին Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 42 միլիոն դոլար, որից արտահանումը կազմել է 599.3 հազար դոլար եւ ներմուծումը` 41.8 միլիոն դոլար: Հայաստանից հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կրաքար, ալյումին, Լեհաստանից ներմուծվում են եթերային յուղեր, օճառ, մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, փայտ, փայտյա իրեր, էլեկտրական սարքավորում, թուղթ, շաքար, կակաո, ապակի, դեղագործական ապրանքներ:

Ներկայումս մեր երկրում լեհական կապիտալով գործում է 12 ընկերություն:

Լեհ գործարարներին, որպես «աշխատող բիզնես» առաջարկվեց նաեւ ջերմոցային տնտեսության ոլորտը: Իսկ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, ըստ Լ. Ղահրամանյանի, ամենահարմար ճանապարհային հաղորդակցությունը կլինի Կովկասը, Եվրոպան եւ Ասիան միմյանց կապելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930