Այսօր «Հայելի» ակումբում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն անդրադարձավ «Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Բախշյանի՝ երեկ Աջափնյակում ասած այն մտքին, որ ընդդիմություն է այն քաղաքական ուժը, որը իշխանության հետ երբեք կոալիցիա չի կազմել: Ի պատասխան՝ Աղվան Վարդանյանը հորդորեց վերջ տալ այդ կռապաշտական բաներին. «ՀԱԿ-ն էլ ասում է՝ մենք ենք հաղթելու: Մինչեւ 2008-ը իհարկե արատներ կային, բայց եկեք օբյեկտիվ նայենք՝ խորանո՞ւմ են այդ արատները, թե մաս-մաս լուծվում են: Մենք տեսնում ենք, որ խորանում են»: Հարցին, երբ կոալիցիայում էիք, խոսո՞ւմ էիք այդ արատների մասին՝ նա պատասխանեց. «Իհարկե խոսում էինք: Դաշնակցությունը եղել է միակ ուժը, որ երբ կոալիցիա է կազմել, հստակ կետեր է գրել, որոնք կատարելու համար է մտնում կոալիցիա, եւ խոսել է եւ քննադատել է, եւ բոլոր հանդիպումների ժամանակ այդ կետերը բարձրաձայնել է: Այս ամբողջ ընթացքում ՀՅԴ-ն եղել է միակ ինքնուրույն ուժը, ինչ ասել է, չի հրաժարվել իր ասածից: Այո, արատներ, սխալներ, թերություններ եղել են, բայց նաեւ լիքը դրական բաներ են եղել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ երբ «Անի պլազա» հյուրանոցում քննարկում էր կազմակերպվել, Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ քարոզչություն տարավ եւ ասաց, որ Արմեն Մարտիրոսյանն է լինելու հաջորդ քաղաքապետը, այն դեպքում, երբ այդտեղ Արմեն Ռուստամյանն էր նստած, որը նույնպես թեկնածու է, սովորական ընտրողը ի՞նչ եզրակացություն պետք է անի: Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ես էլ կասեի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը այստեղ կանգնած լիներ: Ես էլ կասեի, որ հաջորդ քաղաքապետը լինելու է Արմեն Ռուստամյանը: Եթե ուզում եք, եկեք հենց հիմա գնանք «Ժառանգության» գրասենյակ, ես Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ դա ասեմ»:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում բակային հանդիպումների արդյունքները, ժողովուրդն ինչ տրամադրվածություն ունի՝ նա պատասխանեց, որ երբեմն մարդիկ վերեւից նայում են, ներքեւ քչերն են համարձակվում իջնել. «Մենք երեք հոգի էլ լինի՝ խոսում ենք, տասներեք հոգի էլ լինի՝ խոսում ենք»:
Աղվան Վարդանյանն իր խոսքում նշեց, որ Երեւանը պետք է ընդդիմադիր ղեկավարություն ունենա. «Կա մեկ հնարավորություն` Երեւանում հանրապետականին զրկել իշխանությունից: Ով ուզում է ոչինչ չփոխվի Երեւանում ու Հայաստանում, թող քվեարկի Հանրապետականի ու Օրինաց երկրի օգտին: Ով փոփոխություն է ուզում մայրաքաղաքում ու երկրում, պետք է մայիսի 5-ին քվեարկի ընդդիմության, առաջին հերթին` Դաշնակցության օգտին: Հարցը այսքան պարզ է: Համոզված եմ ասում` լավագույն քաղաքապետը կլինի Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Սկզբունքային, ինքնուրույն, ազնիվ, որոշումներ կայացնելու ընդունակ, պարզ մարդկանց կողքին կանգնող: Այս անգամ վստահեք, ձեր ձայնը տվեք Դաշնակցությանը: Մենք տեր կկանգնենք ձեր ձայներին, եւ կտեսնեք, որ Երեւանում ու Հայաստանում փոփոխություններ կլինեն: Դրական փոփոխություններ»: Նա նաեւ կոչ արեց ՀՀԿ-ին չխաբել ժողովրդին. «Մի ասեք այս ընտրությունները քաղաքական չեն: Եթե քաղաքական չեն, այդ ի՞նչ հայտարարություն եք տարածում` Ռուսաստանի հայերի միության, ազգային փոքրամասնությունների, Նիգ Ապարանի անունից, թե պաշտանում են Տարոնին: Երեւանցիները մայիսի 5-ին քվեարկելու են կուսակցություններին: Ու մեծ մասը Հանրապետականին չի քվեարկելու»:
Կարդացեք նաև
Աղվան Վարդանյանը նաեւ հայտարարեց, որ Տարոն Մարգարյանը պատահական քաղաքապետ է. «2009-ին իրենց առաջին համարը Գագիկ Բեգլարյանն էր: Տարոնը երկրորդն էր: Երբ Դոմինգոն Բեգլարյանին հեռացրեց, Տարոնին չնշանակեցին: Գիտեին չի քաշի: Նշանակեցին 5-րդ համարին` Կարեն Կարապետյանին: Երբ նա թողեց գնաց (մինչև հիմա չեն ասում` ինչու) նոր միայն, ճար չունենալով` նշանակեցին Տարոն Մարգարյանին: Եվ Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ չէ: Լավ ֆոն է հանրապետականների մենիշխանության համար»:
Անդրադառնալով ՀՅԴ-ի ծրագրին՝ Աղվան Վարդանյանն ասաց. «Երեւանի 70 տոկոսը զբաղված են սպասարկման ոլորտում: Բազմաբնակարան շենքերից անհապաղ պիտի դուրս բերել բոլոր զվարճանքի օբյեկտները, որոնք խանգարում են: Դրանք բարեր են, կարաոկեներ են եւ այլն: Քաղաքացուն խանգարում են տարիներ շարունակ: Նորմալ չափանիշներ պետք է լինեն»:
Հարցին՝ Օպերայի տարածքի՞ց էլ պիտի դուրս բերվեն սրճարանները՝ նա պատասխանեց. «Անշուշտ, անշուշտ, անշուշտ»: Երբ ճշտեցին՝ ՀՅԴ-ի ձեր սրճարա՞նն էլ պիտի հանեք՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Տեսեք ուրիշների աչքի գերանն էլ եւ մեր աչքի մազը: Երբ որ ասում եք դրա մասին, ասեք նաեւ նախագահականի տղաների սրճարանների մասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ