Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության նախկին տեսուչը «Բանդայի գործով» վկա էր (ֆոտոշարք)

Ապրիլ 22,2013 14:00
PrevPhoto
NextPhoto

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի (վնասազերծման ժամանակ է մահացել) նախկին ընկերուհին՝ Զարուհի Հովնանյանը: Գուրգեն Հայրապետյանը, ըստ դատարանի վարույթում գտնվող Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործով, «անցել» է կազմակերպված խումբ՝ բանդա ստեղծելու Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արմեն Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի, Քյարամ Ամոյանի հետ 2011թ. մայիս-օգոստոս համայնքապետ Աղվան Գրիգորյանի, նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի, «Լինսի» հիմնադրամի պատասխանատուներից՝ Էդուարդ Բեզոյանի, Ատոմ Ղազազյանի եւ նրանց ընտանիքի անդամների վրա ավազակային հարձակումներ կատարելու, չհրկիզվող պահարաններից ու առանձնատներից հափշտակություններ կատարելու համար:

Վկա Զարուհի Հովնանյանը, պարզվեց, որ նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանությունում որպես կադրերի տեսուչ: Նա 2003 թ. ամուսնացել է Գուրգեն Հայրապետյանի հետ, վերջինը 2004-ին կալանավորվել է եւ 2010թ. ազատազրկման վայրից ազատվել: Ըստ վկայի՝ ազատվելուց հետո նա Գուրգենին տեսել է երկու անգամ, մի անգամ՝ իր կամքին հակառակ տարել է Պտղնիի ամառանոց, մի անգամ էլ ինքն է եղբոր երեխաների հետ գնացել նրան այցելության՝ կապված իրենց հարաբերությունների ճշտման հետ: Վկան այլեւս ոչ մի բան չէր ցանկանում ասել եւ ասաց, որ գտնվում է նյարդային, հոգեպես վատ, սթրեսային վիճակում:

Այս վկան հարցաքննվել էր երեք անգամ: Առաջին անգամ՝ սեպտեմբերի 23-ին, 3-րդ անգամ՝ անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին: Վկայի հարցաքննությունից պարզ դարձավ, որ նրա եղբայրները, մասնավորապես՝ 2 օր ձերբակալված, չկալանված, թմրանյութի մեջ մեղադրված եղբայրը՝ Հովսեփ Հովնանյանը 2003թ. ճանաչել է Գուրգենին:

Ուշադրության արժանի է այն, որ անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին իր տված ցուցմունքում այս վկան ասել էր. «Իմ ներկայությամբ Գուրգենը շատ քիչ էր խոսում հեռախոսով: Նույն անձի հետ խոսելով, նա դիմեց Արտուշ, Եղո անուններով: Երբ հարցրի՝ ով է, նա պատասխանեց՝ իմ ընկեր-ախպերն է, իրար հետ գործեր ենք անում»: Իսկ երբ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հարցրեց, թե ի՞նչ իմացաք, որ նույն անձի հետ էր խոսում, վկան ասաց, որ ինքն այնքան լարված է եղել, որ քննիչը ինչ էլ ասեր, պիտի գրեր, որ շուտ դուրս գար: Նա ասաց, որ քննիչի կողմից է ասվել Արտուշ, Եղո անունները:

Ի դեպ, վկան դատարանում նկարագրեց, որ Պտղնիի ամառանոցում, որն ուզել էր վարձակալել Գուրգեն Հայրապետյանը, այգեգործական գործիքների հետ տեսել է պահարաններ՝ փայտից, երկաթյա:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց: Դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի ամբուլատոր դատաբժշկական փորձաքննության օրը նշանակվել է ապրիլի 30-ին: Քանի որ դատարանում այլ վկաներ չկային, հետաձգվեց դատական նիստը եւ այն նշանակվեց ապրիլի 29-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930