Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն քննադատական զեկույց է պատրաստել ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ

Ապրիլ 22,2013 13:29

Այսօր` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը, կքննարկվի փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններին վերաբերող զեկույցը, որի հեղինակն է Նովեգիայի պատվիրակության ղեկավար, Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անդամ Կարին Ուոլդսեթը:

Զեկույցում ամրագրված են ԵԽԽՎ դիտորդական առաքելության իրականացրած դիտարկումների արդյունքները: Փաստաթղթում փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները «ընդհանուր առմամբ լավ կազմակերպված» են որակվում, սակայն նշվում են նաև մի շարք թերությունների մասին:

Մասնավորապես եզրակացություններ բաժնում ամրագրված է. «Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ առկա էին բազում բացթողումներ` մասնավորապես վարչական ռեսուրսի չարաշահումն ու դրա խոչընդոտումը ընտրական գործընթացին, որոնք հակասում են ժողովրդավարական ընտրությունների անցկացման եվրոպական չափանիշներին և բացասաբար անդրադառնում հանրային վստահության վրա: Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին շտկել այդ լուրջ թերությունները, բացահայտել բոլոր ապօրինությունները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել օրենքի շրջանակներում»:

Զեկույցում մտահոգություն է հայտնվում այն կապակցությամբ, որ ընտրողների ընտրության շրջանակը սեղմվել էր, քանի որ հիմնական քաղաքական ուժերը թեկնածուներ չառաջադրեցին ընտրությունների ժամանակ:

Քարոզարշավի իրականացման վերաբերյալ զեկույցում նշված է. «Նախագահի թեկնածուները ընդհանուր առմամբ հնարավորություն ունեին իրականացնել ազատ քարոզարշավ: Լրատվամիջոցները հիմնականում կատարում էին իրենց մասնագիտական պարտքը` ներկայացնելով հավասարակշռված քարոզարշավ: Սակայն միևույն ժամանակ պետական կառավարման համակարգում անկողմնակալության պակասը, վարչական ռեսուրսի չարաշահումն ու ընտրողների նկատմամբ ճնշումները մտահոգիչ են: Չնայած ընտրության օրը աչքի էր ընկնում խաղաղությամբ և կազմակերպվածությամբ, սակայն այնուամենայնիվ արձանագրվել են լուրջ բռնության դեպքեր»:

ԵԽԽՎ զեկույցում փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունները ներկայացվում են 2008-ի մարտի 1-ի դեպքերի քաղաքական համատեքստում ու նշվում, որ ողբերգական դեպքերից հետո կազմակերպված առաջին ընտրությունն է:  Որպես  2013-ի նախագահական ընտրությունների առանձնահատկություն` նշված է. «Երկրում երեք հիմնական քաղաքական ուժերը չմասնակցեցին ընտրապայքարին, ընդդիմադիր ուժերը ձախողեցին հանդես գալ միասնական, ինչը բացասաբար անդրադարձավ մրցակցության և ընտրության լայն շրջանակի ապահովման գործընթացներին»:

ԵԽԽՎ-ի պատրաստած փաստաթղթում ամրագրված է, որ թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավն ամենատեսանելին էր, իսկ Սերժ Սարգսյանի իրականացրած քարոզարշավի մասին նշված է հետևյալը. «Գործող նախագահ Սերժ Սարգսյանն ուներ քարոզարշավի իրականացման ընդարձակ ցանց, և ՀՀԿ-ի շտաբերը, միայն 1186-ը ամբողջ երկրով մեկ, գտնվում էին Ս. Սարգսյանի տրամադրության տակ: Մյուս թեկնածուներն ունեին սահմանափակ թվով շտաբեր»:

Համարելով, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ էի 2008-ին կազմակերպվածի համեմատ` զեկույցում նշված է. «Քարոզարշավի կանոնակարգումը չապահովեց ոչ բավարար պաշտպանվածություն ընդդեմ վարչական ռեսուրսի շահագործման, ոչ էլ համապատասխան տարբերակվածության ապահովման` պետության և իշխող կուսակցության միջև: Դիտորդական առաքելությունը բացահայտել է ստուգված փաստեր գործող նախագահի օգտին վարչական ռեսուրսի շահագործման կապակցությամբ, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, որն իրականացվել է պետական աշխատողների նկատմամբ ճշումներով: Գրանցվել են դեպքեր, երբ նախընտրական շտաբները տեղակայված են եղել պետական և կառավարական մարմինների շենքերում: Բազմաթիվ քաղծառայողներ մասնակցել են գործող նախագահի օգտին իրականացվող քարոզչությանը`չտարանջատելով պետության և քաղաքական կուսակցության, պաշտոնական և քարոզչական գործառույթները»:

ԵԽԽՎ զեկույցում ամրագրված են նաև մի շարք ընտրախախտումներ, մասնավորապես ոչ պատշաճ կերպով կնքված քվեատուփեր, ընտրողների նույնական ստորագրություններ, կրկնակի քվեարկություններ, անձի փոխարեն գրանցված քվեարկություններ, բազմակի քվեարկության դեպքեր:

Զեկույցում նշված է, որ շատ էին դեպքերը, երբ ընտրողներն ընտրատեղամասերից վերադառնում էին առանց քվեարկելու , քանի որ իրենց անունը չէին գտել ընտրացուցակում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930