Լրահոս
Օրվա լրահոսը

143 հոդված արտասահմանյան մամուլում` հայ գիտնականների կողմից

Ապրիլ 22,2013 12:58

Այսօր ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում մեկնարկեցին ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովի աշխատանքները:

Բաժանմունքի նախորդ տարվա աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Նա նշեց, որ բաժանմունքն արդեն ունի 9 ինստիտուտ, «Շիրակի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն եւ եւս 2 հաստատություն, ինչպես նաեւ` 8 ակադեմիկոս, 18 թղթակից-անդամ:

«Հաշվետու տարում բաժանմունքը գումարել է 4 ընդհանուր ժողով եւ 16 նիստ, իսկ այս տարվա նոյեմբերին կգումարվի պատմագիտության արդի խնդիրների վերաբերյալ հատուկ նիստը: Լսվել եւ քննարկվել է 8 գիտական զեկուցում: Կառավարության համապատասխան որոշման համաձայն` ստեղծվել է հայագիտական հիմնադրամ, հիմնվել է «Բանբեր հայագիտության» հանդեսը, որի առաջին համարը լույս կտեսնի այս տարի: Իսկ հոկտեմբերին տեղի կունենա հայագիտական միջազգային 2-րդ համաժողովը»,-ասաց Յուրի Սուվարյանը:

Նա արձանագրեց, որ բաժանմունքի ինստիտուտների գրանցած արդյունքները շատ են. «Օրինակ, Պատմության ինստիտուտը ներկայացրել է նախորդ տարում հրատարակված 6 աշխատություն, Հնագիտության ինստիտուտը շարունակել է աշխատանքները հայկական նյութական եւ ոչ նյութական ժառանգության ուսումնասիրություններ եւ հետազոտություների ուղղությամբ, հրատարակումներ է արել նաեւ Արևելագիտության ինստիտուտը, ինչը կարեւոր է միջազգային հարաբերությունների ուղղությամբ աշխատանք ծավավելու գործում: Ինչ վերաբերում է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնին, այն հայտնաբերել է 2 նոր հնավայր: Փիլիսոփայության ինստիտուտը Անանիա Շիրակացու 1400-ամյակի կապակցությամբ ներկայացրել է լուրջ հոդվածներ եւ աշխատություններ եւ այլն: Ընդհանուր առմամբ` ինստիտուտներն ունեն կիրառական որոշակի արդյունքներ»:

Բաժանմունքի գիտական հրապարակումների շուրջ Յուրի Սուվարյանը հայտնեց, որ լույս է տեսել 400 մենագրություն, 713 հոդված, որից 143-ը` արտասահմանյան մամուլում (նախորդ տարվա 126-ի փոխարեն):

Ակադեմիկոսը հիշատակեց նախորդ տարի լույս տեսած «Հայաստան» հանրագիտարանը` այմ ուշագրավ համարելով ծավալով եւ ընդգրկումով: Սուվարյանի համոզմամբ` ժամանակն է ձեռնամուխ լինել Հայկական սովետական հանրագիտարանի վերահրատարակմանը, քանզի շատ նյութեր հնացել են:

Խոսելով միջազգային համագործակցությունից` Յուրի Սուվարյանն ասաց, որ սերտ են կապերը ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Կանադայի գիտական կենտրոնների հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930