Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանն ընդդիմացավ Լեւոն Զուրաբյանին. «Ի՞նչ կա նայելու»

Ապրիլ 22,2013 12:04

Այսօր «Ֆորում» ակումբում խոսելով նախագահական ընտրությունների մասին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը վստահեցրեց, որ ցանկացածը կարող էր ընտրվել նախագահ, բայց ոչ Րաֆֆին, նույնիսկ էպոսագետը: Aravot.am-ը հիշեցրեց, որ ՀԱԿ-ը ընտրություններից հետո հայտարարություն էր արել եւ ճանաչել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակն ու ընտրակեղծիքները հաստատել, իսկ Դուք նախկին ՀԱԿ անդամ եք, հակասությունն ինչո՞վ է բացատրվում՝ նա պատասխանեց. «Ես իմ կարծիքն ունեմ, Կոնգրեսն իր կարծիքն ունի, հիմա էլ Կոնգրեսը չկա: Թարմ բան կասեմ. Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք կդնեն Րաֆֆիի ճակատին մասնակցել-չմասնակցելու խնդիրը: Ես իմ զարմանքն եմ հայտնում՝ ի՞նչ կա նայելու: Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը ծրագիր է, որը հերթական անգամ ջարդվում է մեր ընդդիմության գլխին: Սա ծրագիր է, որը դեպի տաճար չի տանում: Սերժ Սարգսյանն առաջարկել է Րաֆֆիին մինչեւ 2018-ը պիստոնչիկային ընդդիմություն լինել, հասկանում եք, մարդուն բան են առաջարկում, ում գիտեն, որ կարելի է առաջարկել, հետո կտեսնեք՝ կարող է նախագահ էլ դարձնի: Դաշնակցությունն էլ որոշ ժամանակ կանցնի, կհիասթափվեն, հետ կանցնեն: Բայց սա անընդհատ ընդդիմադիր դաշտում խառնաշփոթություն է առաջացնում: Այդ ծրագիրը հերթական խայտառակությունն է, առ ոչինչ է»:

Մեր հարցին, հաշվի առնելով, որ ԲՀԿ-ին ուղղված քաղաքագիտական վերլուծությունից հետո ՀԱԿ-ում խմորումներ առաջացան, կորիզից մի մասը հեռացավ, հնարավո՞ր է, որ Դուք լքեք Կոնգրեսի թիմը, լրիվ տարանջատվեք, եթե Լեւոն Զուրաբյանի ասած հարցի քննարկմանը Ձեր սրտով որոշում չկայացվի: Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց, որ ինքն արդեն այլ թիմ է ներկայացնում, այլ կուսակցությունից է. «Իհարկե, տարաձայնություններ կարող են լինել: Ես երբեք չեմ կարող էս ճակատ կոչվածը համեմատել ԲՀԿ-ի հետ հարաբերվելուն: Ի՞նչ է ակնկալվում՝ ճակատ ասելով: Սույն քաղաքացին՝ Րաֆֆին, տեսավ, որ էլ անելիք չունի քաղաքական դաշտում, հիմա որոշել է, որ ինքը պետք է դրոշակակիր մնա, դրա համար շպրտեց սեղանի վրա: Չեմ կարծում, որ նա այդ հաշվարկները կարող էր անել, իրան ասողները շպրտեցին սեղանի վրա նոր միտք, որ հետո բարբաջի, ով չմիացավ՝ ընդդիմություն չի, որ հետո թունավորի ամբողջ ներքաղաքական ընդդիմադիր դաշտը: Ես մտածում եմ սրանց հետ ընդհանրապես ոչ արժի հարաբերվել, ոչ արժի խոսել այդ մասին»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականին բանիմաց, իմաստուն քաղաքական գործիչ է, եթե նա որոշում կայացնի, Դուք չե՞ք վստահի նրա որոշմանը՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ես ասացի, որ այլ քաղաքական ուժ եմ ներկայացնում»: Մեր ճշտմանը՝ լավ, որեւէ կապ չկա՞, ձեր թիմակիցներն են՝ նա պատասխանեց. «Ես լավ, բարի դրացիական հարաբերություններ ունեմ: Ես համարում եմ, որ միակ քաղաքական դեմքը, որն ի վիճակի է իմ երկրում մի բան փոխելու, դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ուղղակի հպարտ եմ, որ 5 տարի շարունակ եղել եմ մի թիմում, որն ինքը գլխավորել էր: Իմ անձնական կարծիքով, նա չմասնակցեց այս ընտրություններում, որովհետեւ գումար չուներ: Նա ասել էր ՝ տարիքը նաեւ տեխնիկական խնդիրների համար: Այդ տեխնիկական խնդիրը գումար չունենալն է»:

Մեր հարցին՝ ԱԺ ընտրություններում գումար ունե՞ր՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Էլի չուներ, խորհրդարանական ընտրություններին գնաց շատ վատ պայմաններում: Մենք անգամ վառելիքի գումար չունեինք մի գյուղից մյուս գյուղ գնալու համար»:

Հարցին՝ ինչո՞վ է բացատրվում ձեր հակակրանքը Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ՝ նա պատասխանեց. «Նրա ճանապարհը ոչ մի տեղ չի տանում: Ես այդ մշակույթը աղոթելու մշակույթ եմ անվանում, երբ ժողովրդին արնաքամ թողնում են մի տեղ, գնում են Վովա Գասպարյանի հետ աղոթելու»:

Նա քննադատեց, որ Սերժ Սարգսյանին Րաֆֆի Հովհաննիսյանը հերոսացնում է, ասում է՝ ազգային հերոս է: Ըստ պարոն Եղիազարյանի, նա պաշտպանության կարիք չունի, երբ որ կքարկոծվի, կընդդիմանաս, կասես հերոս է, ես ձեզ կհասկանամ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930