Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամերիկյան օգնության կրճատումը «ընտրությունների հետ կապ չունի»

Ապրիլ 22,2013 11:21

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը վստահ է, որ 2014 թվականին Հայաստանի տրամադրվող ամերիկյան օգնությունը ռեկորդային չափով կրճատելու` Սպիտակ տան որոշումը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի:

«Այս գումարը ոչ մի կապ չունի ընտրությունների կամ այլ քաղաքական հաշիվների հետ, որովհետեւ միայն Հայաստանի հարցը չէ, այլ աշխարհի բոլոր երկրների համար է կրճատում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիրը,- «Իսկ եթե քաղաքական պատճառներով լիներ որեւէ որոշում, տրամաբանությունը մեզ կուղղեր այդ ուղղությամբ, որ պետք է գումարը ավելացվեր եւ ոչ թե կրճատվեր, որովհետեւ ամերիկյան կառավարությունը ասել է, որ ընտրությունները ավելի լավ էին, քան թե անցյալին»:

Հիշեցնենք, անցյալ շաբաթ Սպիտակ տունը հրապարակեց հաջորդ տարվա բյուջեի նախագիծը` առաջարկելով կրճատել Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնությունը միանգամից մոտ 40 տոկոսով` 40 միլիոնից հասցնելով 25 միլիոն դոլարի: Եթե օրենսդիրները հաստատեն նախագահ Օբամայի այս առաջարկը, ապա հաջորդ տարի Երեւանը Վաշինգտոնից կստանա ամենաքիչ օժանդակությունը 1988 թվականի երկրաշարժից ի վեր:

Հարութ Սասունյանը, սակայն, փաստում է, որ ամերիկահայ լոբբիստական կազմակերպություններն արդեն իսկ մեծ աղմուկ են բարձրացրել եւ դիմել են հայամետ կոնգրեսականներին` Օբամայի առաջարկած 25 միլիոն դոլարի փոխարեն Հայաստանին երկու անգամ ավելի շատ` 50 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու խնդրանքով: Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը` ամերիկահայ գործիչը վստահ է` փաստաթղթի վերջնական տարբերակում կամրագրվի միջին որեւէ թիվ Օբամայի առաջարկած նվազագույնի եւ հայ համայնքի պահանջած առավելագույնի միջեւ:

«Ոչ մեկը այս պահին չի իմանում, թե վերջնական գումարը ինչ պետք է լինի: Մի տեսակ առեւտուր է: Մենք միշտ ավելին ենք ուզում, Սպիտակ տունը` նվազագույնն է առաջարկում, Կոնգրեսը միջին ճանապարհ է գտնում հայության փափագի եւ Սպիտակ տան նվազագագույն առաջարկի միջեւ», – ասաց ամերիկահայ խմբագիրը:

Նշենք, որ 2014 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումները Միացյալ Նահանգների Կոնգրեսում կշարունակվեն եւս մի քանի ամիս: Փաստաթղթի վերջնական տարբերակը, ինչպես նաեւ Հայաստանի հատկացվող օգնության չափը, ըստ Սասունյանի, հայտնի կդառնա միայն ամռանը:

Հեղինե Բունիաթյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930