Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բացվում է հոլանդական կարի արտադրամաս

Ապրիլ 22,2013 11:03

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը, Գյումրու քաղաքապետի երկարատև բանակցությունների արդյունքում հոլանդացիները որոշել են ներդրումներ կատարել հանրապետության երկրորդ քաղաքում: Ա.Էն.Էս «Ֆեշիոն գրուպ» հոլանդական կազմակերպությունը արդեն իսկ հիմնել է կարի արտադրամաս՝ փնտրելով համապատասխան կադրեր: Զոհրապ Եգանյանի տեղեկացմամբ, ընկերությունը պատրաստ է անգամ համապատասխան ուսուցում կազմակերպել ոչ մասնագետների համար: Նշենք, որ ընկերությունը այս պահին աշխատանքի է հրավիրում 17-40 տարեկան կանանց և 18-30 տարեկան տղամարդկանց:

Չնայած տարիքային սահմանափակումներին՝ ծրագիրը հաջողությամբ գործարկվելու դեպքում փոքր-ինչ կթեթևացնի պաշտոնապես ամենաաղքատ ճանաչված քաղաքի բնակիչների ապրելակերպն ու կնվազեցնի գործազրկության մակարդակը:

Հիշեցնենք, որ Խորհրդային տարիներին Գյումրին փայլել է կարի արտադրությամբ, հատկապես Տեքստիլ արդյունաբերությամբ:

Տեքստիլագործների գործարանը իր հզորությամբ երկրորդն է եղել ԽՍՀՄ տարածքում, և այնքան թափուր աշխատեղեր է ունեցել, որ դրսից հյուընկալել է ԽՍՀՄ կազմում գտնվող բոլոր երկրների բնակչությանը, հատկապես կանանց: Գյումրեցիների հիշողության մեջ դրսից եկած տեքստիլագործները, անկախ ազգությունից, մնացել են որպես «ֆեզեի ռուսներ» անվանումով: Հետաքրքիրն այն է, որ մինչև օրս էլ Գյումրիում հարս դարձած, այս քաղաքի տղամարդկանց հետ ամուսնացած այլազգի տեքստիլագործների մասին խոսելիս, գյումրեցիները պարտադիր շեշտում են «ֆեզեյի աղջիկ է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930