Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւան դաշինքը անբայման բիդի հաղթի այս ընդրություններում». Աջափնյակում ցիտում են Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)

Ապրիլ 21,2013 21:31

Այսօր «Բարեւ Երեւան» դաշինքը քարոզարշավ անցկացրեց Աջափնյակ համայնքում, ընդ որում, հանդիպումն ընտրողների հետ տեղի ունեցավ 16-րդ թաղամասում՝ ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանի բնակավայրում՝ նրա հարեւանների հետ:

Armen MartirosyanԱվելի ուշ պարզվեց, որ նույն համայնքի բնակիչներ են նաեւ դաշինքի այլ անդամներ՝ «Շրջադարձ» կուսակցության նախագահ Սիմոն Ղոնաղչյանը, գիտնական, ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը, «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը,  նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը, իսկ Դավիթ Սանասարյանը այդ թաղամասի փեսա է:

«Բարեւ Երեւան դաշինքը անբայման բիդի հաղթի այս ընդրություններում»,- Աջափնյակի բնակիչներին այսպես ողջունեց Գագիկ Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ այդպես կասեր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Գագիկ Բաղդասարյանը նաեւ նշեց, որ լավ է հիշում այդ բակը, երբ 2007-ի ԱԺ ընտրություններում ինքը մեծամասնական թեկնածու լինելով՝ հանդիպում է ունեցել. «Դժբախտաբար, մեծամասնական ընտրակարգով ես չանցա, բայց ԱԺ-ում ամեն ինչ արեցի ձեզ համար, որպեսզի մեր երկիրը դառնա հավատի եւ հույսի, արդարության երկիր, այնպիսին, ինչպիսին մենք երազել ենք: Բայց Երեւանը մի շարք պրոբլեմներ ունի: Մենք 4 տարի հետո տեսանք, որ Երեւանը ինչպես եղել է, այնպես էլ մնացել է՝ համարյա թե անտեր:  Գործեր արել են վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետը, բայց որ ասեմ գոհ ենք, ինձ հետ չեք համաձայնի: Իսկապես կարելի էր անել շատ ավելին»: Նա ասաց, որ փետրվարի 18-ի հեղափոխությունը բերում են Երեւան:

Styopa Safaryan«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ վստահեցրեց, որ փետրվարի 18-ին մեր ժողովուրդն ուղղեց իր մեջքը. «Անպատկերացնելի մի բան էր, որ երբ մյուս քաղաքական ուժերը հրաժարվեցին պայքարից, հրաժարվեցին ժողովրդի կողքին կանգնելուց, ժողովուրդը կանգնեց Րաֆֆի Հովհնանիսյանի հետ միասին եւ առաջին հուժկու հարվածը հասցրեց քրեաօլիգարխիկ ռեժիմի պարիսպներին: Այդ պարիսպներից անդին է մեր իշխանությունը, ժողովրդին պատկանող փողը, իրավունքը, հարստությունը, մեր երկրի ընդերքը,տնտեսական միջոցները, որոնք տասնամյակներով  գողեգող մկան նման խլել են ժողովրդից եւ անցկացրել պարսպից այն կողմ: Մենք բոլորս քվեարկեցինք այդ ռեժիմի դեմ: Պատը, որին հարվածեցինք, չասեմ ամուր է, բայց հաստատ մեկ հարվածից չէ, որ պետք է փլուզվի: Եթե Աջափնյակը, Երեւանը երկրորդ հուժկու հարվածը հասցնի այդ պարիսպներին, ապա ժողովրդի ուժի դեմ չի կարող դիմանալ ոչ մի պատ, ոչ մի պարիսպ: Խնդրում եմ Երեւանի ընտրությունները դիտարկել հենց այդպես»:

Ստյոպա Սաֆարյանը նաեւ ասաց, որ երբ եկել են Աջափնյակ, նկատել են, որ անգամ մայթ չկա, որ մարդիկ հանգիստ անցնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930