Ամենահայտնի սոցիալական ցանցերից մեկը՝ Facebook-ը, պատրաստվում է գործարկել ծառայություն, որը ընկերություններին թույլ կտա սոցիալական ցանցում տեղադրել իրենց գովազդային տեսանյութերը: Շշուկների համաձայն՝ նման գովազդը կարժենա 1 միլիոն դոլար, այս մասին հաղորդել է Vestifinance-ը: Դեռ հայտնի չէ, թե ինչ տեսք կունենան տեսանյութերը: Շուկայական աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ յուրաքանչյուր տեսանյութի երկարությունը չի գերազանցի 15 վայրկյանը:
Հաշվարկվել է նաև Facebook-ի օգտատերերի միջին արժեքը: Syncapse ընկերությունը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ Facebook-ի մեկ երկրպագուն արժե շուրջ 174 դոլար, ինչը 28%-ով բարձր է 2010թ. ցուցանիշից, այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Ընկերությունը, որը զբաղվում է սոցիալական մեդիայով, Hotspex-ի հետազոտողների հետ համեմատել է բրենդի արտադրանքի ծախսերը, բրենդի նկատմամբ հավատարմությունը, լսարան պահելու արդյունավետությունը ու Facebook-ից օգտվելու հաճախականությունը:
Facebook-ի լայքերը ևս ունեն իրենց արժեքը. Syncapse-ի մարկետոլոգները հաշվարկել են Facebook-ի 1 Like-ի արժեքը, որը կազմել է 174 ԱՄՆ դոլար: Նմանատիպ հետազոտություններն իրականացվում են 2010 թվականից, որոնք իրենց մեջ ներառում են տարբեր ապրանքանիշերի և բրենդերի վիճակագրական ցուցակ: Like-ի արժեքը հաշվարկվում է ըստ նրա լոյալության, գումարի մեծության, որը սպառողները ծախսում են բրենդի իրացման համար:
Facebook-ը վարձել է Apple-ի առաջատար ծրագրավորողներից Ռիչարդ Վիլյամսոնին, որը Apple-ում պատասխանատու էր Maps հավելվածի մշակման համար, այս մասին գրել է Vesti-ն: Apple-ի քարտեզագրական ծառայության գործարկումից հետո այն բազմաթիվ բացասական արձագանքներ ստացավ, և Վիլյամսոնը, որն ընկերությունում աշխատում էր 10 տարի, զրկվեց աշխատանքից, սակայն վարկանիշին հասցված հարվածը չխանգարեց նրան տեղափոխվել Facebook:
Տիգրանուհի Թասլակյան