Այսօր Ավան համայնքում ՀԱԿ-ի նախատեսած երթը տեղի չունեցավ վատ եղանակի պատճառով: Ավագանու թեկնածուները քայլել են համայնքով, իսկ ավելի ուշ բնակիչների հետ հանդիպման ժամանակ, քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը կիսվել տպավորություններով. «Ինձ համար անսպասելի է, երբ որ ինձ մոտենում էին մարդիկ եւ հիշում՝ քսան տարի առաջ ինչպես եմ ընտրվել, ինչ եմ արել: Հետո փորձում էի հասկանալ՝ ինչ վատ հիշողություններ կան ինձ հետ կապված: Պարզվում է ՝չկան: Այն տարիներին, երբ սկսեցի աշխատել, շատ ավելի դժվար տարիներ էին»:
Պարոն Խաչատրյանի խոսքերով, դժվար տարիներին շատ ծրագրեր ունեին քաղաքի՝ այդ թվում Ավանի բարեկարգման վերաբերյալ, բայց իշխանությունից հրաժարվելով, իրենց բոլոր ծրագրերը մնացին անկատար. «Ես հիմա ման էի գալիս Ավանով ու փորձում էի հասկանալ՝ ինչ փոփոխություններ կան: Բացի մի քանի բակից, որոնք բարեկարգ էին, որտեղ կանաչ կար, ոչինչ չի փոխվել: Ընդհակառակը՝ վիճակն ավելի վատացել է: Միայն մի փոփոխութուն կա՝ ոչ մեկի երեսին ժպիտ չտեսա, տխուր ու մտահոգ դեմքեր, եւ մարդիկ վախենում են մեզ մոտենալ: Ես չեմ ուզում, որ երեւանցին ինձնից վախենա, իշխանավորից վախենա»:
Հետո քաղաքապետի թեկնածուն շարունակեց, թե չեն վախենում ասել, որ ՀՀԿ-ն կործանում է Հայաստանը «Մենք պարտավոր ենք ազատվել այս իշխանությունից: Այս իշխանությունը մեզ տանում է կործանման: Չի կարելի ապրել այնպիսի մի երկրում, որտեղ մեկ երրորդից ավելին աղքատ են, քսան տոկոս գործազրկություն կա, որտեղ օրական հինգ հարյուր մարդ լքում է Հայաստանը»:
Պարոն Խաչատրյանը վստահեցրեց, որ իդեալական պատկերացում ունի Երեւանի խնդիրների մասին. «Ավելին՝ գլուխ գովեմ՝ իրենցից լավ գիտեմ, որովհետեւ իրենք չեն կարդում նույնիսկ իրենց մեկ տարի առաջ գրած փաստաթղթերը…Ասում են Տարոնը լավ տղա է, ի՞նչ է նշանակում, Տարոնը լավ տղա է: Ես ինչո՞վ եմ իրենից վատը: Երեւանը վա՞տ գիտենք, Երեւանի ռեստորանների, սրճարանների տեղը չգիտե՞նք: Տարոնը լավը կլինի այն ժամանակ, երբ ցանկացած երեւանցի իր քաղաքում իրեն լավ քաղաքացի կզգա: Եվ ոչ թե կգան մարդուն ամենավատ եղանակին տնից կհանեն, կասեն մի հանրապետական օլիգարխ կա, ուզում է շենք կառուցի: Մի ուրիշ բան էլ կա, գնում ենք թաղ, թաղային տղաներն ասում են՝ գիտես ինչ կա, իմ թաղից գնա, էս իմ թաղն ա: Սա քո թաղը չէ, տղա ջան: Սա Երեւան քաղաքն է: Եվ դու չպետք է որոշես ՝ դու թաղի տղա ես, թե՝ ոչ: Եթե դու թաղի տղա ես, մենք ավելի լավ թաղի տղա ենք: Մենք էս Երեւանում ավելի մեծ ամագ ունենք, քան թե դուք: Ու իմացեք, որ չենք էլ վախենալու ու պետք լինի գալու ենք ձեզ հետ խոսենք: Մենք ամեն ինչի ընդունակ ենք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ելնելով Տարոն Մարգարյանի՝ լրատվամիջոցներում հրապարակված՝ իր ունեցվածքի չհայտարարագրված ցանկից,կարելի հանգիստ փաստել,որ նա համապատասխան օրենքի պահանջների խախտումով, թաքցնում է կասկածելի հանգամանքներում ձեռք բերած այդ ահռելի հարստությունը…Առավել ևս,չի պահանջում պաշտոնական հերքում:Նշանակում է,որ ինքը ևս լռելայն համաձայնվում է ու ընդունում,որ՝ մեղմ ասած՝ օրինազանց պաշտոնյա է:Եթե նա ուենար սեփական արժանապատվության զգացում,ապա կամ պետք է պահանջեր հերքում,կամ էլ՝ հրաժարական տար զբաղեցրած պաշտոնից…Չեմ կարծում,որ Նժդեհը ապագա նժդեհականներին պատգամել է անձնական հարստություն կուտակել սեփական երկիրի ու նրա ժողովրդին թալանելու ճանապարհով …