Ռիջֆիլդի բնակիչ 16-ամյա Քրիստոֆեր Մարկոսյանը երրորդ տեղն է գրավել «Ինչու է կարևոր դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին դասընթաց ներառելը» թեմայով էսսեի մրցույթում: Գրում է «Նորթ Ջերսի» թերթը:
Քրիստոֆեր Մարկոսյանը և էսսեի մրցույթի մյուս հաղթողները կպարգևատրվեն կիրակի օրը Թայմս սքվերում՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառման ժամանակ, որին սպասվում է մոտ 2000 մարդու մասնակցություն:
«Ես շատ ուրախ եմ ու հպարտանում եմ նրանով», – իր որդու մասին ասել է Անի Մարկոսյանը՝ նշելով, որ իր զավակը մրցույթի մասին տեղեկացել է ինտերնետով ու որոշել ինքնուրույն մասնակցել՝ ասելով, որ Հայոց ցեղասպանությունը նրան միշտ հետաքրքել է:
«Նա ներսում հայ է», – ասել է Մարկոսյանը, որն իր որդուն ուղարկել է Նյու Միլֆորդի Հովնանյան դպրոցը:
Կարդացեք նաև
Իր էսսեում Մարկոսյանը գրել է, որ ԱՄՆ դպրոցական ծրագրի մեջ Հայոց ցեղասպանության մասին դասընթաց ներառելը արդարություն հաստատելու և 20-րդ դարասկզբի հայերի տառապանքների մասին իրազեկությունը բարձրացնելու համար է արվում:
«Հայոց ցեղասպանությունը դպրոցական ծրագրերից բացառելը անցյալի նկատմամբ անփութության դրսևորում է, մանավանդ, որ այն 20-րդ դարասկզբի ամենաազդեցիկ իրադարձություններից է, որի հետևանքով հետագայում այլ զանգվածային սպանություններ եղան»:
6-րդ ամենամյա մրցույթը հովանավորել է Վարդանի ասպետներ և դուստրեր կազմակերպությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ