«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Որոնողական ինտենսիվ աշխատանքների արդյունքում ԱՄՆ-ի ոստիկանությանը հաջողվել է կալանավորել Բոստոնի մարաթոնի ընթացքում պայթյուններն իրականացրած երկրորդ կասկածյալին:
Ոստիկանության ծառայողները շրջապատել էին 19-ամյա Ջոխար Ցարնաևին այն ժամանակ, երբ վերջինս թաքնվում էր Բոստոնի Ուոթերթաուն արվարձանի տներից մեկի բակում գտնվող նավակի մեջ: Ցարնաևը, ըստ հաղորդագրությունների, կալանավորման ընթացքում ծանր վնասվածքներ է ստացել:
Մասաչուսեթս նահանգի ոստիկանապետ Թոմ Ալբեն իր գոհունակությունն է հայտնել ուրբաթ ուշ երեկոյան Ցարնաևի կալանավորման կապակցությամբ: Նահանգապետ Դևալ Փեթրիքն իր հերթին ասել է, թե երախտապարտ է օրինապահ մարմինների բոլոր աշխատողներին՝ նրանց գերազանց աշխատանքի համար:
Մասաչուսեթսի նահանգապետն ու ոստիկանապետը բացի այդ շնորհակալություն են հայտնել հասարակությանը՝ համբերության և ՀԴԲ-ին ու ոստիկանությանը տրված հազարավոր հուշումների համար, որոնցից մեկի արդյունքում և հնարավոր էր դարձել Ցարնաևի ձերբակալությունը:
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հանդես գալով Սպիտակ տանը, ասել է, որ երկիրը երախտապարտ է Բոստոնի և Մասաչուսեթսի բնակիչներին և իրավապահ մարմինների արհեստավարժ մասնագետներին՝ հավելելով, որ ռմբակոծությունն իրականացնողների ծրագրերը ձախողվել են, քանի որ ամերիկացիները չեն ցանկանում ահաբեկված լինել: