Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի ունեցավ «Ապրելու իրավունք» խորագրով միջոցառումը, որի շրջանակում ցուցադրվեցին «Որսորդը» կարճամետրաժ ֆիլմը և Հայաստանի ֆլորայի և ֆաունայի թեմայով ֆոտոտեսաշար:
Միջոցառման աջակից «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության նպատակն է` մարդկանց ծանոթացնել Հայաստանի ֆլորային եւ ֆաունային. «Ներկայացված է ֆոտոտեսաշարի կարճ տարբերակը, իսկ ամբողջականը հետագայում կտրամադրենք համապատասխան կառույցներին, ուսումնական հաստատություններին»:
Հանդիսատեսին ներկայացնելով ֆոտոտեսաշարը, վերջինիս հեղինակ, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը նշեց, որ ցուցադրվելիք նյութը Հայաստանի ֆլորայի եւ ֆաունայի փոքր հատվածն է միայն. «ֆոտոտեսաշարով առաջին հերթին փորձ է արվել ցույց տալ Հայաստանի բնական եւ մշակութային ժառանգության ներդաշնակությունը. ամեն ինչ փոխկապակցված է, եւ մեկի խաթարումը հանգեցնում է մյուսի խաթարմանը: Մյուս կողմից, ֆոտոտեսաշարը հնարավորություն է տալիս ճանաչել եւ գնահատել մեր ազգային ինքնադրսևորման արժեքային համակարգը, որը, ինչպես բոլորին է հայտնի, որոշակիորեն խաթարված է»:
Պարոն Բալոյանը տեղեկացրեց, որ ֆոտոտեսաշարը պատրաստելու գործում իրեն օգնել են գործընկերները, ընկերները, «Բնության համաշխարհային հիմնադրամը»` տրամադրելով լուսանկարներ, որոնք անհասանելի էին հեղինակին:
Կարդացեք նաև
Բալոյանը ընդգծեց իր ընտանիքի անդամների ցուցաբերած մեծ հանդուրժողականությունը, որբ աշխատանքից հետո մինչ ուշ գիշեր նստում էր համակարգչի առաջ… Ֆոտոտեսաշարի ընդհանուր տևողությունը 2 ժամ է:
«Որսորդը» ֆիլմի մասին` շուտով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ