Վերջին օրերին տեղացած ձյունն ու օդի ջերմաստիճանի զգալի նվազումը բացասաբար են անդրադարձել Սյունիքի մարզի գյուղատնտեսության վրա: Ցրտահարության դեպքեր են գրանցվել մարզի բոլոր տարածաշրջաններում: Հիմնականում ցրտահարվել են ծաղկած կորիզավոր պտղատու ծառատեսակները, վնասվել են ծառերի ծաղիկները:
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի խոսքով՝ առաջիկա օրերին մասնագետներ կուղարկվեն բոլոր համայնքներ, որտեղ նրանք կուսումնասիրեն իրավիճակը եւ կպարզեն հասցրած վնասի չափը: «Այս պահին դժվար է հստակ ասել, թե որքան է կազմում հասցրած վնասի չափը, հնարավոր է մոտ 25-30 տոկոս կազմի: Ցրտահարության դեպքեր եղել են մարզի բոլոր տարածաշրջաններում՝ Կապանում, Սիսիանում, Մեղրիում եւ Գորիսում: Խնձորենիներին վնաս չի եղել, տեղացած ձյունն ու ցածր ջերմաստիճանը հիմնականում բալենիների, կեռասենիների, ծիրանենիների եւ մյուս կորիզավոր ծառատեսակների ծաղիկներին են վնաս հասցրել: Դեռ վտանգը չի անցել, եթե եղանակային պայմաններն այսպես շարունակվեն, ապա ցրտահարության վտանգը կարող է սպառանալ նաեւ մյուս ծառերին: Եթե պտղատուներն այսօր ցրտահարվեն, վաղը մենք պտուղ չենք ունենալու», – ասաց Սամվել Թանգյանը եւ հավելեց, որ տեղումները, սակայն, նպաստավոր են եղել գարնանացանի եւ աշնանացանի ցանքսերի համար:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ