«Նոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարն այսօր սկսվեց կես ժամ ուշացումով եւ կիսադատարկ դահլիճում:
Համագումարի օրակարգում «Օրինաց Երկիր» կուսակցության հետ միավորման եւ գրանցում ստանալու համար արդարադատության նախարարությանը նորից դիմելու հարցերն էին: Կուսակցության նախագահ Բաբկեն Հարությունյանի խոսքերով, նախարարությունը մերժել է կուսակցությանը գրանցելու իրենց պահանջը. «Նախարարի կամ որեւէ չինովնիկի ճղճիմ գործունեությունը չի կարող խոչընդոտել մեր գործունեությունը»:
Համագումարին մասնակցում էին նաեւ ՕԵԿ փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը:
Նախքան ՕԵԿ-ին միանալու հարցը քվեարկության դնելը, չգրանցված կուսակցության նախագահ Բաբկեն Հարությունյանը ներկայացրեց ՕԵԿ-ի անցած ճանապարհը:
Կարդացեք նաև
Բ. Հարությունյանը կուսակիցներին պատմեց, թե ինչպես ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը 2006-ին հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից. «Իշխանությունների հետ հակասություններ ունենալու եւ այդ պաշտոնից կառչած չլինելու պատճառով»:
Հետո նորընտիր կուսակցապետը անդրադարձավ 2008—ի հետընտրական զարգացումներին ու Արթուր Բաղդասարյանին ուղղված քննադատությանը, թե ինչու չկանգնեց ժողովրդի կողքին. «Այդ ժողովրդին առաջնորդում էին ինքնսիրահարված պատեհապաշտները, պատկերացրեք եթե միանար: Ո՞ւր են այդ մարդիկ, երբեմնի ՀԱԿ-ից բեկորներ են մնացել: Փոշիացավ այդ ուժը, արդյունքում մնաց տասը զոհ այդ մարդկանց խղճին… ՕԵԿ առաջնորդի քայլը ըստ արժանվույն չգնահատվեց հասարակության կողմից»:
Թե ինչու Արթուր Բաղդասարյանի քայլը չգնահատվեց Բ. Հարությունյանը բացատրեց. «Ընդդիմադիր ուժերին պատկանող լրատվական կայքերի սեւ PR-ի արդյունքում ժողովուրդն ապակողմնորոշվեց, եւ վարկաբեկվեց ՕԵԿ-ը»:
ՕԵԿ-ի գովքն ավարտելուց հետո նորաստեղծ կուսակցության ղեկավարը հորդորեց. «Պետք է կայացնենք ճիշտ որոշում, միանանք այն թիմին, որը չի վախենում ստանձնել պատասխանատվություն, որը կիրականացնի այն ծրագրերը, որոնք մեր կուսակցության՝ «Նոր Հայաստանի» համար սկզբունքային նշանակություն ունեն: Մենք միանում ենք վճռական մարդկանց, վճռական թիմին: ՕԵկ-ում էլ կան խնդիրներ՝ ներկուսակցական, ժողովրդավարության, տարածքային կառույցների հետ կապված… Ի պատիվ կուսակցության ղեկավարի դա կուսակցությունում գիտակցում են, բայց այդ խնդիրները կան նաեւ այլ կուսակցություններում»:
Տասը րոպեում համագումարի մասնակիցները որոշեցին միավորվել ՕԵԿ-ին:
Համագումարի օրակարգային երկրորդ հարցն էլ առաջին հարցի ընդունումից հետո կուսակցության նախագահը անիմաստ համարեց քննարկել:
Վերջում ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ամփոփեց համագումարը. «Ողջունում ենք երիտասարդներին, որոնք ցանկանում են պայքարել իրենց վաղվա օրվա համար՝ քաղաքական դաշտում ընտրելով այլ ճանապարհով գնալը»:
Համագումարը տեւեց քսան րոպե:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կեցցե,՝ ,,նոր հայաստան,, կուսակցությունը: օեկ-ի հետ միավորվելով դուք սարեր շուռ կտաք:
Ով մի հատ կոստյում ունի՝ իրեն կուսակցության նախագահ է պատկերացնում :