Իմ հարազատ հա՛յ ժողովուրդ, իմ հարազատ եզդի՛ քույրեր եւ եղբայրնե՛ր…
…Թեպետ անցել են 98 ձիգ տարիներ, սակայն վերքը կտրում է դեռ, եւ ցավը բոլորիս սրտում է։ Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել։
Վերստին հավաքվել ենք ահա ու սգո թափորով բարձրանում ենք Ծիծեռնակաբերդ՝ խոնարհելու համար մեր գլուխները մարդկության պատմության ամենասարսափելի, ամենադաժան ցեղասպանության՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի առջեւ։
Հայ եւ եզդի զոհերի, քանզի 1915 թվականին որքան հայերի, նույնքան եւ եզդիների համար սեւ տարի եղավ։ Քանզի եղեռնը որքան հայ ժողովրդինն է, նույնքան էլ եզդի ժողովրդինը։ Եվ բնավ էլ պատահական չէ, երկու ժողովուրդների եղբայրությունը ձեւական տուրք չէ, հայ ժողովրդի հասցեին էժան հաճոյախոսություն չէ մեր՝ եզդիներիս երթը Ծիծեռնակաբերդ։ Չէ՞ որ Օսմանյան կայսրությունում թուրքը, նրա կամակատարներն անխնա կոտորում էին ոչ միայն «անհավատ» հայերին, այլեւ «անհավատ» եզդիներին, որոնց «մեղքը» ծանրանում էր երկրորդ մի «մեղք» -ով, նրանք բարեկամ էին հայերին դարավոր ու հարեւան, ու հարազատ, որ տեւապես եւ ըստ ամենայնի օգնում էին հայերին։ Մինչեւ որ առաջին աշխարհամարտի տարիներին յաթաղանն իջավ նաեւ եզդիների վզին, եւ մի՞թե փոքրաթիվ են այն եզդի ընտանիքները, որոնց ավագները ընկել են Սուլթանի օսմանցի զավակների եւ նրանց կամակատարների բարբարոսական յաթաղանից։ Ըստինքյան պերճախոս է այն իրողությունը, որ ինչպես հայն էր «գյավուր», այնպես էլ եզդին էր «գյավուր», «անհավատ»։ Մարդկային բանականության ծաղր չէր մի՞թե, «անհավատ» հռչակել պարկեշտ ու հեզաբարո հային՝ աստվածավախ քրիստոնյային, ու նրա հետ նույնքան պարկեշտ ու հեզաբարո եզդուն, հոգեւոր բարձր առաքինությունների տեր արեւորդի եզդուն։ Իսկ ով էր հավատացյալ ուղղահավատը՝ մարդախողխող -մարդակեր մուսուլմանը (ըստ որում իսլամը աղարտած թուրքն ու նրա կամակատարները):
Կարդացեք նաև
Այդ երբ էր, որ այլակրոն «հարեւանների» կոտորածներից մազապուրծ, մի բուռ եզդիներ, թողնելով բնօրրանը՝ Սինջարի լեռները եւ իրենց սրբավայր Լալիշը, դիմեցին դեպի Արեւմտյան Հայաստան, ապաստանեցին արեւմտահայության միջավայրում, սրտապնդված շեխ Միրզայի եւ տեր Պողոսի տիպի իրենց առաջնորդների բարեկամությունից։ Եվ նրանք չսխալվեցին, հուսախաբ չեղան, հայ ժողովուրդը գրկաբաց ընդունեց իր դարավոր բարեկամ եզդի ժողովրդի զավակներին։ Այդ օրից հայկական տարածքներում էլ ավելի կռվեց ու կոփվեց անշահախնդիր, եւ այլեւս անքակտելի, բարեկամությունը երկու ազգերի։ Նրանց ճակատագրերը բաղեղի երկու ճյուղերի նման միահյուսվեցին, նրանց ճանապարհները ոչ թե խաչաձեվեցին, այլ զուգահեռվեցին ու նույնացան։ Փոխօգնությունը դարձավ ամենօրյա։ Եվ համատեղ մարտնչումը ընդհանրական զուլումի, հասարակաց թշնամիների դեմ։
1915թ., երբ օսմանցի թուրքերի եւ նրանց կամակատարների յաթաղանը բարձրացավ հայերի գլխին, չխնայվեցին եզդիներն էլ եւ հրից ու սրից մազապուրծ՝ նրանք միասին ճաշակեցին տեղահանության դառնությունները եւ ապաստան որոնեցին Արեւմտյան Հայաստանում։ Եվ նոր օջախ հիմնադրեցին կողք կողքի, պատկից, իրար հենարան։
Եվ այսօր նախնյաց օրինակով, նրանք Հայաստանի Հանրապետությունում մասնակցում են միմյանց ուրախություններին, մեկր մյուսի համար դառնում հարսանյաց կամ մկրտության կնքահայր, կիսում միմյանց կորուստն ու ցավը։ Հայաստանում չունենալով ազգային սրբավայրեր՝ եզդիներր ոչ մի տարբերություն չեն դնում եւ ազատ ու անկաշկանդ հաճախում են հայկական եկեղեցիներ, վանքեր ու այլ սրբավայրեր, մոմ վռում, մատաղ անում, այլ զոհաբերություններ կատարում։
Տեղը չէ՞, միթե, ընթերցողի ուշադրությանը հանձնել եզդիների հոգեւոր եւ աշխարհիկ գերագույն առաջնորդ Միր Իսմայիլի 1921 թվականին Էջմիածին, եզդի ազգին ուղարկած նամակից մի հատված, որտեղ ասված է. «Չորս�հինգ տարիներ ի վեր Ձեզմե որեւէ լուր առած չեմ եւ շարունակ մտատանջության մեջ եմ իմ զավակներուս, ազգիս համար։ Այս պատերազմի ընթացքին բոլոր նահատակվածների համար կմաղթեմ բարձրյալն Աստծուն, որ զանոնք դրախտին արժանացնե, իսկ կենդանի մնացածներուն երկար կյանք եւ երջանիկ օրեր պարգեւի, ամեն»։
Նամակի վերջում խոսքը իր եզդի հոգեւոր զավակներին ուղղելով՝ Միր Իսմայիլը հորդորել է. «Զավակներս, ես կմաղթեմ Աստծուն, որ անփորձանք, անվնաս, ապահով ապրեք, հավատարիմ մնալով ձեր կառավարությանը։ Կմաղթեմ հայկական կառավարութենեն չբաժանվիք, ինչու, որ մենք ուրիշ հայր մը չունինք հայերեն զատ, 12-րդ դարեն մինչեւ հիմա այդ կապը կա մեջներս։ Եթե հայկական կառավարությունը մահացավ, դուք ալ միասին, իսկ եթե ապրեցան ու ծաղկեցան, դուք եւս կապրիք ու կզարգանաք անոնց շնորհիվ, ինչու, որ օսմանցու ժամանակ շատ ենք օգնել իրարու»։
Իմ սիրելի եզդի եղբայրներ, սրբությամբ հետեւելով մեր մեծ առաջնորդ Միր Իսմայիլի աղանդներին, հենվելով Պողոս քահանայի եւ շեխ Միրզայի, Ուսուբ Բեկի եւ Կոմիտասի, Զորավար Անդրանիկի եւ Ջահանգիր աղայի միասնության եւ համատեղ սխրանքների իմաստուն փորձի վրա, ես մեր ամբողջ ժողովրդին ի Հայաստան, թե ի սփյուռս աշխարհի կոչ եմ անում մշտապես կանգնած մնալ եւ հավատարիմ լինել հայ ժողովրդին, եսասիրական նկրտումներից չթուլանալ ու չլքել նրան, մանավանդ դժվարին այս օրերին։
Եվ հայ ժողովրդով կզորանաք, դուք մի վախեցեք թշնամուց, որը ոչ այնքան զորեղ, որքան նենգ է։ Իմացեք՝ վախկոտը երկու անգամ է մեռնում։
Քայլեցեք ձեր ազգայնության ամրապնդման ճանապարհով, մեր մայրենին, մեր կրոնը, մեր բարքերն ու սովորույթները, մեր մշակույթը պահպանելու եւ զարգացնելու ճանապարհով։
Մերն է վաղվա օրը՝ հայ ժողովրդի հետ ուս ընդ ուս, ինչպես այսօր, ինչպես երեկ։
Դա է պատմության իմաստությունը, պատմության իմաստուն խրատը։
ՀԱՍԱՆ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հայաստանի եզդիների հոգեւոր առաջնորդ
«Առավոտ» օրաթերթ