Մեկնարկում է Կամերային անսամբլների կատարողական արվեստի երկրորդ մրցույթը
Մշտապես առանձնանալու ու թագավոր լինելու բարդույթը մեզանում ազգային հատկանիշ է դարձել: Հավանաբար սա է պատճառը, որ, օրինակ, կոլեկտիվ մարզաձեւերում պակաս հաջողություններ են արձանագրվում: Այս հոգեբանությունը յուրատեսակ արտացոլում է գտել երաժշտական աշխարհում, երբ յուրաքանչյուր ոք ձգտելով լինել մենակատար, քամահրական վերաբերմունք է դրսեւորում, այս դեպքում՝ կամերային անսամբլների հանդեպ, մինչդեռ աշխարհում վերջիններս ունեն մեծ ընդունելություն ու նրանց մատուցած երաժշտությունն էլ համարվում է հեշտ ընկալվող՝ լայն լսարանի կողմից: Ճանաչված, նույնիսկ աշխարհահռչակ երաժիշտների հետ զրույցում «Առավոտն» արձանագրել է հետեւյալ փաստը. նրանցից յուրաքանչյուրը հիացմունքով ներկայացնում է ավելի շատ իր՝ կամերային անսամբլում, քան իբրեւ մենակատարի գործունեությունը:
Հայաստանում վաղուց անցկացվող դաշնակահարների, ջութակահարների, թավջութակահարների եւ այլ մրցույթների ու փառատոների շարքում 2008թ. առաջին անգամ անցկացվեց Կամերային անսամբլների կատարողական արվեստի մրցույթը, որը նվիրված էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի հիմնադիր (1961թ.) եւ վարիչ, պրոֆեսոր, երջանկահիշատակ Կարեն Կոստանյանին:
Այս տարի էլ Երեւանի կոնսերվատորիայի, ՀՀ մշակույթի նախարարության եւ պրոֆեսորի որդու ու թոռան՝ Դավիթ եւ Կարեն Կոստանյանների ջանքերով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօրվանից մինչեւ 26-ը կանցկացվի երկրորդ մրցույթը՝ նվիրված Կարեն Կոստանյանի ծննդյան 90-ամյակին:
Մեզ հետ հանդիպման ժամանակ Երեւանի կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալլա Բերբերյանը (լուսանկարում) չմանրամասնելով, որ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կողմից 1990թ. կամերային անսամբլների կատարողական արվեստի մրցույթ կազմակերպելու փորձ արվել է, ասաց. «Այս մրցույթը նախորդից տարբերվում է երկու հանգամանքով. առաջինը՝ չկա մրցույթի մասնակիցների տարիքային սահմանափակում եւ երկրորդ՝ մրցութային ծրագրերը կազմված են միայն տրիոներից, որոնց 90 տոկոսը առաջին անգամ է կատարվելու Հայաստանում»: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ այս մրցույթին կմասնակցեն ոչ միայն կոնսերվատորիայի ուսանողներ եւ իլյուստրատորներ, այլեւ նախկին շրջանավարտներ, օրինակ՝ արտիստներ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբից: Նրանց մեծ մասը տեղական եւ միջազգային մրցույթների դափնեկիրներ են:
Տիկին Բերբերյանը, որը ընդգրկված է Կամերային անսամբլների կատարողական արվեստի մրցույթի ժյուրիի կազմում, ներկայացրեց նաեւ իր գործընկերներին. ժյուրիի նախագահն է կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իգոր Յավրյանը, անդամներն են՝ կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Աճեմյանը, Հայ երաժիշտների ասամբլեայի նախագահ, պրոֆեսոր Լեւոն Չաուշյանը եւ պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ