Դպրոցական դասագրքերը նախևառաջ պետք է համապատասխանեն ընդունված պետական չափորոշիչներով նախատեսված առարկայական ծրագրի բոլոր կետերին, պետք է գրված լինեն պարզ, մատչելի լեզվով, հաշվի առնեն երեխայի տարիքային առանձնահատկությունները, պահպանեն անընդհատությունը: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում խոսեց 1-4-րդ դասարանների մաթեմատիկայի դասագրքերի հեղինակ, «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը:
Նա նշեց, որ որոշ դասագրքեր դպրոցներում շրջանառության մեջ են արդեն ութ տարի, սակայն ուսուցիչների մեծ մասը գոհ է դրանցից. «Այսօր ՀՀ դպրոցներում 120-ից ավել դասագրքեր կան, որոնց մեծ մասն ընդունված է ուսոցիչների կողմից, բայց կարող են լինել նաեւ պահանջներին չհամապատասխանող դասագրքեր, որոնք թարմացվում են ԿԳՆ-ի կողմից: Օրինակ, անցած տարվա մրցույթի արդյունքում մի քանի դասագրքեր դուրս մնացին` փոխարինվելով նոր դասագրքերով»:
Պարոն Մկտրչյանի փոխանցմամբ` դասագրքերին ներկայացվող այսօրվա պահանջներից է նաեւ այն, որ բովանդակային-ծրագրային միջուկն ապահովելուց բացի դասագիրքը պետք է կարողանա լուծել աշակերտի սոցիալականացման խնդիրները. «Օրինակ, մաթեմատիկայի դասագրքի առաջադրանքնները ուսուցչին պետք է հնարավորություն տան ճիշտ կազմակերպել դասապրոցեսը եւ լուծել աշակերտին հասարակության անդամ դարձնելու խնդիրը: Իսկ այսօր մեր դասագրքերի մեծամասնությունը լուծում է այդ խնդիրը, կարողանում այնպես անել, որ աշխատանքն անցկացվի ուսումնական տարբեր մեթոդներով: Բացի այդ, այսօր ուշադրություն է դարձվում դասագրքերի մրցակցությանը, որն ապահովում է դասագրքի որակը: Կան այլընտրանքային դասագրեր, եւ ուսուցիչը կարող է ընտրություն կատարել: Մրցակցություն կա նաեւ դասագիրքը հրատարակելուց հետո, իսկ վերահրատարուկմների ժամանակ հեղինակները ավելի շատ են աշխատում` էլ ավելի նպաստելով դասագրքրի որակի բարձրացմանը:
Ինչ վերաբերում է սոցցանցում դասագրքերի որոշ առաջադրանքների քննարկմանը, Սոկրատ Մկրտչյանի խոսքով` դասագիրքը, դպրոցը եւ ուսուցիչն այն արժեքներն են, որոնք մասին քննարկումներ կազմակերպելուց պետք է սահմաններից դուրս չգալ. «Պետք է քննարկել, բայց գզույշ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ