Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարձել ենք դատարանների ձեռքի խաղալիքը»

Ապրիլ 20,2013 13:58

Անչափահաս եզդիների «բաց նամակը» ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին

Չնայած անչափահաս ենք եւ ազգությամբ եզդի, 2013թ. ապրիլի 9-ին հեռուստատեսությամբ լսեցինք Ձեր խոսքերը, որ երդվելիս ասացիք, թե «ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության ժողովրդի»։

Լսելով Ձեր երդումը, քույրերով համոզված ենք, որ ՀՀ-ում բնակվող ազգերի ու ազգությունների, փոքրամասնություն կազմող ազգություն ու դավանանք ունեցող մարդկանց միջեւ տարբերություն չեք դնում։ Մենք՝ քույրերս, 2011թ. հունվար ամսից դարձել ենք դատարանների ձեռքի խաղալիքը, ոտնահարում են մեր իրավունքները, թույլ չեն տալիս, որ մենք առանց լարվածության ապրենք այն մարդկանց հետ, ում հետ ցանկանում ենք:

Զինա Գոլչյանս ծնվել եմ 1995թ. հոկտեմբերի 31-ին եւ շուտով լրանալու է իմ 18 տարին, իսկ իմ քույր Խանումը ծնվել է 1998-ի փետրվարի 6-ին, եւ բոլորել է նրա 14 տարին։

ՀՀ արդարադատություն իրականացնող դատարանները՝ դատավորներ, Արագածոտնի մարզից տիկին Գ. Խաչատրյանը եւ պրն Հ. Խաչատրյանը, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ տիկին Կ. Հակոբյանը, պարոնայք Տ. Սիսակյանը եւ Տ. Նազարյանը, մեզ լսելուց հետո համոզվել են, որ մեր հետագա խնամքը եւ դաստիարակությունը պետք է լինի մեր հայրական կողմի պապի ու տատի կողմից, քանի որ մենք չենք ուրանում, որ մեր մայրն է մեզ ծնել, բայց իր առողջական վիճակով եւ «Եհովայի վկա» լինելով, չի կարողանա մեր նկատմամբ հոգ տանել։

2012 թվականի նոյեմբերի 14-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ մեր հետագա խնամքը եւ դաստիարակությունը իրականացվի մեր հայրական կողմի պապի ու տատի կողմից։ Դատարանի որոշման դեմ մեր մայր Նինա Գոլչյանի ներկայացուցիչ Լ. Խեչանյանի կողմից Վերաքննիչ բողոք է բերվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: 2013թ. հունվարի 8-ի որոշումով բողոքը վերադարձվել է, պատճառաբանությամբ, որ մեր մայրը Խեչանյանին լիազորագիր է տվել 2011թ. ապրիլի 17-ին՝ մեկ տարի ժամանակով, այսինքն՝ լիազորագրի ժամկետն ավարտվել է 2012թ. ապրիլի 17-ին, նշանակում է, որ Խեչանյանը իրավունք չի ունեցել ոչ միայն բողոք բերելու, այլ նաեւ մասնակցություն ունենալու հոգեբանական փորձաքննությանը եւ դատական նիստերին։

Եթե ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ տիկին Ն. Տավարացյանի, դատավորներ՝ Ս. Միքայելյանի եւ Դ. Խաչատրյանի, պարզել են, որ մեր մոր ներկայացուցիչը իրավունք չուներ բողոք բերելու, ապա ինչո՞ւ նշված գործը չի թողնվել օրինական ուժի մեջ, քանի որ նշված որոշման դեմ ոչ մեկի կողմից բողոք չի բերվել։ Հակառակը՝ 2013թ. փետրվարի 11-ին Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Լ. Խեչանյանի բողոքը՝ որպես մեր մոր ներկայացուցիչ: Եթե գործում եղած 2011թ. ապրիլի 17-ին մեր մոր կողմից տրված լիազորագրի ժամկետն արդեն լրացած էր եւ մեր մայրը 2012թ. նոյեմբերի 27-ին հանրապետությունից մեկնել է ՌԴ, ի՞նչ կարգով է երկրորդ անգամ լիազորագիր տրվել, որը հիմք է համարվել օրինական ուժի մեջ մտած Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. հոկտեմբերի 14-ի վճիռը բողոքարկել, եւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2013թ. ապրիլի 4-ին որոշում է կայացրել՝ բավարարել Վերաքննիչ բողոքը՝ բեկանել եւ փոփոխել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.11.12 թվականի վճիռը. Նինա Գոլչյանի հայցն ընդդեմ Ալի Ղոլիչյանի՝ երեխաներին իրեն վերադարձնելու պահանջի մասին, բավարարել, Զինա եւ Խանում Բադրի Գոլչյանների բնակության վայրը սահմանել մոր՝ Նինա Գոլչյանի բնակության վայրը, հասցեն՝ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղ։

Հարգելի պարոն նախագահ, մենք՝ քույրերս, որպես փոքրամասնություն կազմող ազգի ներկայացուցիչներ եւ անչափահասներ, աղիողորմ Ձեզանից խնդրում ենք՝ եթե Դուք չեք կարողանում ժամանակի առումով մեզ ընդունել, ապա հանձնարարեք օրենքը եւ արդարադատությունը հարգող որեւէ պետական պաշտոնյայի, որ մեզ ընդունի եւ մեզ պատասխան տրվի, թե ինչո՞ւ է դատարանը մեր կամքին եւ մտածելակերպին հարկադրանք կիրառում, որպեսզի ցույց տրվի, թե իբր արդարադատությո՞ւն է իրականացնում։ Մեզ մոտ կարծիք է ստեղծվում, որ 2013թ. ապրիլի 4-ի Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է օրենքի պահանջները խախտելով։

Գիտենք, որ Դուք ավելի կարեւոր հարցեր ունեք լուծելու, սակայն հաշվի առեք, որ մենք ստիպված ենք «բաց նամակով» դիմել Ձեզ, քանի որ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում դատական համակարգում, համոզված ենք, Ձեզ չի տեղեկացվում: Հուսով ենք, որ մեր խնդրանքը կընդունվի ձեր կողմից, կստանանք օրենքի սահմաններում պատասխան, քանի որ մենք էլ հավասար իրավունք ունենք՝ ինչպես ՀՀ մյուս քաղաքացիները։

Մենք գիտենք, որ իրավունք ունենք բողոք բերելու Վճռաբեկ դատարան՝ մեր «բաց նամակում» նշված թերությունները եւ նամակը մամուլում տպվելուց հետո միայն, որը թող ընդունվի որպես բողոք՝ 2013թ. ապրիլի 4-ի Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։

ԶԻՆԱ եւ ԽԱՆՈՒՄ

ԲԱԴՐԻ ԳՈԼՉՅԱՆՆԵՐ

Արագածոտնի մարզի Արագածի տարածքի Միջնատուն համայնքի անչափահաս բնակիչներ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930