Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի բժշկին հայր ու որդի ծեծել են՝ ազգականի օգնությամբ

Ապրիլ 20,2013 13:40

Bjishk_2Քանի որ Գյումրիում բժշկին ծեծելով սպանելու նախադեպ կա, նախորդ օրը տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը Շիրակի նորանշանակ դատախազի անմիջական հսկողության տակ է:

Նախորդ օրը երեկոյան Գյումրու նորաբաց բժշկական հիվանդանոցում միջադեպ էր գրանցվել հարբած մի քանի հիվանդատեսների ու տեղի անվտանգության աշխատակիցների միջեւ, որին միջամտել էր հիվանդանոցի ուրոլոգ Արամ Մելքոնյանը ու ծեծի ենթարկվել, այսպես ասած, զայրացած հյուրերի կողմից:

Բանն այն է, որ հարբած տղամարդիկ որոշել էին ուշ ժամի բարձրանալ հիվանդի մոտ, անվտանգության աշխատակիցները արգելել էին՝ պատճառաբանելով, որ տեսակցության ժամն ավարտվել է: Հենց այդ պահին ուրոլոգը, որը արդեն աշխատանքն ավարտել էր ու հագից հանել սպիտակ խալաթը, ներքեւ է իջել, որպեսզի տուն գնա: Տեսնելով վիճաբանողներին՝ նա հորդորել էր չխանգարել հիվանդների անդորրը: «Մենակ դու էիր պակաս, դու ո՞վ ես»,- ծաղրել էին հարբած հիվանդատեսները՝ բժշկին հրավիրելով հիվանդանոցի բակ ու ծեծելով: Եվ երբ հիվանդանոց էին եկել ոստիկանության աշխատակիցները, վեճ սարքած տղամարդիկ նստել էին իրենց «Opel» մակնիշի մեքենան ու դիմել փախուստի: Միջադեպին անմիջապես արձագանքել էր Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանը՝ հանձնարարելով խստորեն զբաղվել այս հարցով:

Երեկ «Առավոտ»-ը Գյումրու նորաբաց առողջապահական կենտրոն այցելած առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են պաշտպանված բժիշկները, նրանց իրավունքները Հայաստանում, եւ ի՞նչ գնահատական կտա այս միջադեպին:

«Ես մի բան գիտեմ, որ բժիշկները, մանկավարժները եւ ընդհանրապես մեր հասարակությունը պետք է պաշտպանված լինեն յուրաքանչյուր բռնությունից: Ես դատապարտում եմ նման երեւույթները, առավել եւս, երբ դա իրականացվում է բժշկի նկատմամբ: Դա, գիտեք ինչ, հասարակության վերաբերմունքն է, որը պետք է բոլորս միասին՝ ձեզ հետ, նաեւ ձեր օգնությամբ կարողանանք փոխել: Բժիշկը իր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ պետք է ապահովված լինի յուրաքանչյուր բռնությունից: Եվ ընդհանրապես՝ աշխատանքից դուրս էլ յուրաքանչյուր մարդ պետք է ապահովված լինի: Եվ դրա հետ կապված մեր իրավապահ մարմինները շատ ակտիվ աշխատանք են կատարում, իսկ բոլոր այն դեպքերը, որոնք կապված են բժիշկների նկատմամբ վերաբերմունքի հետ, մենք պահում ենք մեր հսկողության տակ եւ հետեւում ենք, որ նման դեպքերը բացառվեն, նաեւ պատժվեն այն մարդիկ, որոնք իրենց թույլ են տալիս նման արարքներ»:

Իսկ թե նախարարությունը ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկել հիվանդանոցում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ, նախարարն ասաց, որ ինքը խոսել է ոստիկանության աշխատակիցների հետ, եւ ամենախիստ պատիժը կնշանակվի նրանց նկատմամբ:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ իր հանձնարարությամբ գործը ուղարկվել է քննչական մարմին, հիվանդատեսներից 3-ի ինքնությունը պարզված է, միայն մեկինը պարզ չէ, այսինքն՝ դեռեւս հստակ չէ՝ 3 հոգի՞ են եղել վիճաբանողները, թե՞ 4: Դատախազը նաեւ ասաց, որ քննարկվում է՝ այս արարքը խուլիգանությո՞ւն է, թե՞ անձի դեմ ուղղված հանցագործություն: Պարոն Շահբազյանը նաեւ շետեց, որ այն բժշկի մասնագիտական գործունեության հետ կապ չունի, այլ վիճաբանությունը ծագել է այն պատճառով, որ հիվանդանոցում պառկած հորեղբորը տեսության գնացած տղամարդկանց արգելվել է հիվանդանոց մտնել, քանի որ տեսության ժամն ավարտված է եղել: Ըստ Կարեն Շահբազյանի՝ քանի որ Գյումրիում բժշկին ծեծելով սպանելու նախադեպ կա, այս գործը լինելու է իր անմիջական հսկողության տակ եւ քննվելու է ամենայն մանրակրկիտությամբ: Մեզ դատախազությունից նաեւ տեղեկացրին, որ բժշկի հետ վիճաբանողները եղել են հայր եւ որդի Ռազմիկ եւ Հմայակ Հակոբյանները եւ նրանց ազգական ոմն Էդգար:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հռիփսիկ says:

    Ինչպես էլ որ որակելու լինեն հանցագործությունը, նման արարք թույլ տվող հարբած ընտանիքը վտանգավոր է հասարակության համար ու պետք է հնարավորինս խիստ պատժվի: Հավանաբար այնպիսի մարդիկ են, ովքեր ոչ միայն բոլորովին կորցնում են ինքնատիրապետումը ոչ սթափ վիճակում /փաստորեն, ոչ հայրն է որդուն զսպել, ոչ որդին` հորը/, այլև կարծում են, որ իրենք անպատժելի են նման արարք թույլ տալիս…. Կարելի է նաև հարկադիր բուժման ուղարկել: Երբեմն, չափահաս խուլիգաններն ավելի վտանգավոր են, քան անչափահաս օրինազանցները….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930